top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Եթե Փաշինյանին նկատի ունենար, անուն կնշեր. Ալեն Սիմոնյանը` Ծառուկյանի գրառման մասին

Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը վստահ չէ, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը «հոգեկան լուրջ խնդիրներ» ունի ասելով` նկատի ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Եթե Ծառուկյանը Փաշինյանին նկատի ունենար, ապա նման պարագայում, կարծում եմ, նա համարձակություն կունենար իր գրառման մեջ անուն նշելու։ Տարակուսում եմ, որ Ծառուկյանը նման բան կասեր Փաշինյանին։ Ավելին, ես նույնիսկ վստահ չեմ, որ էջը պատկանում է Ծառուկյանին»,–ասաց Սիմոնյանը։


Նրա խոսքով` վարչապետը որևէ մի քաղաքական ուժի հետ փոխհրաձգություն չունի։ Ավելին, Ալեն Սիմոնյանը վստահ է` Ծառուկյանի գրառումը վերաբերվում է ԲՀԿ–ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանին, քանի որ մամուլում էլ լուրեր էինրջանառվում, որ նա խնդիրներ ունի։ Սիմոնյանի խոսքով` Ծառուկյանն ինքն է Գևորգ Պետրոսյանին սոցապնախարարի պաշտոնից ազատել` առողջական խնդիրների պատճառով։

Իսկ ինչ վերաբերվում է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի` երեկ հայտնած կարծիքին, ապա Սիմոնյանը նշեց`նախարարը որևէ անուն չէր նշել կարծիք հայտնելով։ «ԲՀԿ–ն ինքը Արայիկ Հարությունյանի ասածը վերագրեց իրեն»,–ասաց ԱԺ փոխխոսնակը։


Սիմոնյանը կարծում է, որ Ծառուկյանը նման հարցեր է վերհանում, որպեսզի քաղաքական գործունեության իմիտացիա ձևավորի։ Հարցին, թե ինչո՞ւ էին այս դեպքում ժամանակին իշխանությունը համագործակցում Ծառուկյանի հետ` Սիմոնյանը պատասխանեց, որ հեղափոխություն է եղել` բոլորն ունեցել են հնարավորություն մաքուր էջից սկսելու և «իրենց յորղանի չափն իմանալու»։

Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանի համակարգած ոլորտներում առկա դժգոհությունների պատճառով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը երեկ` սեպտեմբերի 16–ին, Ազգային ժողովում հարցապնդում էր ներկայացրել նախարարի հրաժարականի պահանջով։


Իր ելույթի ժամանակ նախարար Հարությունյանն ասել էր, որ կրթական չափորոշիչների շնորհիվ մի խումբ կոտայքցիներ ապագայում կսովորեն հարգել դիմացինին, ղեկավարել սեփական հորմոնները և այլևս եկեղեցու տարածքում չի լինի օտարի նկատմամբ սեռական բռնություն։ Այս հայտարարությանն ընդդիմադիր պատգամավորներն արձագանքեցին սեղաններին թմբկահարելով` սուլելով ու տեղից նախարարին ուղղված ռեպլիկներով։

Իսկ այսօր առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրառում էր արել ու իր համաձայնությունը հայտնել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի` «այլևս եկեղեցիների տարածքում սեռական բռնություն չի լինի» մտքին։

Դրան հաջորդեց Ծառուկյանի ֆեյսբուքյան գրառումը, թե «Սահմանադրությամբ պետք է ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ»։




0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page