top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Պայթյունի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում գտնվող բնակիչը 41 տարեկան է


Փլատակների տակից դուրս բերված երկու քաղաքացիներից մեկի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր։ ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նա 41-ամյա Էդգար Մ.-ն է։


Վերջինս հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանի տեղեկություններով՝ տղամարդն ունի մարմնի և վերջույթների տարածուն այրվածքներ, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, միացված է արհեստական շնչառության սարքին:

Տղամարդու հետ հոսպիտալացվել է նաև փլատակների տակից դուրս բերված 71-ամյա Ստետլանա Ս.-ն։ Կնոջ վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության։ Նախնական տվյալներով՝ նա ունի անրակոսկրի և քթոսկրի կոտրվածքներ, մարմնի և դեմքի քերծվածքներ, հետազոտումը շարունակվում է։

Իսկ փլուզված շենքի մոտ որոնողափրկարարական աշխատանքներն են շարունակում փրկարարները։ Նախանական տվյալներով՝ փլատակների տակ մնացած առնվազն մեկ բնակիչ կա։

Ֆելիքս Ցոլակյանի տեղեկություններով՝ դուրս բերված քաղաքացին 56 -ամյա տղամարդ է, շենքի երկրորդ հարկի բնակիչ է։ Լրագրողների հետ զրույցում նախարարը ենթադրել էր, որ պայթյունի պահին բնակիչը քնած է եղել։ Նա փլատակների տակ է արդեն 5 ժամից ավելի, պայթյունը տեղի էր ունեցել վաղ առավոտյան՝ ժամը 7:00-ի սահմաններում։ Աշխատանքներին մասնակցում է կինոլոգիական խումբ, դեպքի վայրում են ընդհանուր թվով 72 փրկարար ծառայող։ Իրականացվել է օդային հետախուզություն և մշտադիտարկում անօդաչու թռչող սարքերի միջոցով։ Դեպքի վայրում են նաև Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի 10 աշխատակից։

Հիշեցնենք՝ վաղ առավոտյան Քանաքեռ-Զեյթունում՝ Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մասնակի փլուզվել էր քառահարկ պանելային շենքը, մասնավորապես՝ նույն շքամուտքում գտնվող 12 բնակարան։ Փրկարարների կողմից իրականացվել է 19 քաղաքացու տարհանում։




0 comments

תגובות


bottom of page