1994 թ. ապրիլի 24-ին վերածնվեց «Արծիվ» ՆԵՍՈՆ

1994 թ. ապրիլի 24-ին վերածնվել է Ներսես Ներսիսյանը` «Արծիվ» ՆԵՍՈՆ:
Այս հերոսի մասին ասելիքներ շատ կան: Այս հերոսի մասին պատմությունները հայրենասիրություն կերտելու վառ օրինակներ կարող են դառնալ հետագա սերունդների համար: Հայրենիքը պաշտպանելիս նրա նման հերոսներից կարելի է ոգեշնչվել:
Հայրենասիրությունը բառերը չէ, որ պիտի պատկերեն, խոսքերը չէ, որ պիտի ցողեն: Հայրենասիրությունը նրա ու նրա նման հերոսների սուրբ գործն է, որի մասին դեռ դարեր պիտի խոսվեն: Հայրենասիրությունը հայրենիքը բռունցքով պահելու կարողությունն է, հողը ոտքերիդ տակ կանգուն մնալու` կարևորությունը: Հայրնիքի հանդեպ սերը պիտի լինի անսասան, ինչպես Ներսեսինն էր, և շատ այլ քաջ տղաներինը: «Պիտի գիտակցել, որ մեր ձռքերում է հայրենիքը պաշտպանելու, ամնակարևոր գործը»,-այսպես էր մտածում Ներսեսը: Հայրենիքի սիրով տոգորված նա կյանքն էլ չխնայեց ու փառքով նվիրեց հողին:
Պատմություններ ու դրվագներ նրա կյանքից դեռ շատ կլսնեք: Նրա` ապրիլի 24-ի վերածննդյան խորհուրդը գալիս է 1994 թվականից, երբ նա մասնակցում էր արցախյան հակամարտության առաջին պատերազմին: 1994-ին Ներսեսը մարտնչելով հակառակորդի հետ շատ ծանր վիրավորում է ստանում ուսի հատվածում: Ներսեսի կյանքը հաջողվում է փրկել:
Նրա մարտընկեր Արմեն Ավետիսյանը պատմում է. «1994 թվականին շատ ծանր մարտեր էին ընթանում Թալիշ գյուղի հարակից բարձունքի համար։ Մեր վաշտի առաջադրանքը Քյաչալ սարը վերցնելն էր։ Ծանր մարտեր մղելով, գրավեցինք սարը: Թուրքերը մեր դեմ դուրս էին բերել հսկայական քանակի զորք և զինտեխնիկա, ներառյալ` ուղղաթիռներ։ Այդ օրը մենք մեկ զոհ ունեցանք` մեր լավ ընկեր, ազատամարտիկ Գագիկ Ավետիսյանը` Դալարիկ գյուղից։ Ունեցանք շատ վիրավորներ, որոնց թվում էր մեր լեգենդար հրամանատար Ներսեսը։ Հիմա լավ չեմ հիշում, Ներսեսի մայրն էր երազ տեսել, թե քույրը, որ Ներսեսը պիտի վիրավորվի և ողջ մնա։ Այդ օրվանից Ներսեսի հայրը, որոշում է նրա ծնունդը նշել ապրիլի 24-ին։ Այդ օրը միշտ տղաներով հավաքվել և հիշել ենք մեր անցած ուղին։ Այդ պատերազմից հետո Բաղրամյանի ջոկատով մասնակցել ենք քառօրյա պատերազմին, իսկ 2020 թվականի գոյամարտին` «Արծիվ 11» ջոկատով։ Շատ հայրենանվեր տղաներ զոհվեցին, նաև մեր Ներսեսը: Թող լո՛ւյս իջնի իրենց շիրիմներին»։
Ներսեսի մահից հետո էլ հարազտները նշում են այս օրը, որպես նրա վերածնունդի հիշարժան օր: «Այսօր նա մեզ հետ չէ ֆիզիկապես, սակայն մեր պարտքն է ապրեցնել նրան, ապրեցնել նրա սխրանքները, նրա գործերը: Նա բոլորիս համար զոհվեց, նա մեր հպարտությունն է»,-նշում է Ներսեսի քույրը` Վարսենիկ Ներսիսյանը:
Հայրենիքը սկսվում է նման եզակի հերոսներից: Նրանք անմահ են, միշտ կան, նրանք հավերժի ճամփորդներ են:
Գոհար Սարգսյան









Comments