Ճապոնիայի ԱԳՆ նոր ղեկավար կդառնա պաշտպանության նախկին նախարար Յոսիմասա Հայասին

Ճապոնիայի արտաքին գործերի նոր նախարար կդառնա Յոսիմասա Հայասին, որը մինչ այդ զբաղեցրել էր պաշտպանության, գյուղատնտեսության, կրթության նախարարների պաշտոնները։ Այս մասին շաբաթ տեղեկացրել է NHK հեռուստաալիքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Նշվում է, որ վարչապետ Ֆումիո Կիսիդան արդեն կայացրել է այս կադրային որոշումը։ Պաշտոնապես կառավարության նոր կազմը պետք է հաստատվի նոյեմբերի 10-ին։ Այդ ժամանակ էլ կբացվի Ճապոնիայի խորհրդարանի արտահերթ նստաշրջանը, տեղի կունենա քվեարկություն երկրի նոր վարչապետի համար. Կիսիդան կվերընտրվի կառավարության ղեկավարի պաշտոնում եւ կդառնա Ճապոնիայի 101-րդ վարչապետը։ Ճապոնիայի ԱԳՆ ղեկավարի պաշտոնը թափուր էր այն բանից հետո, երբ Ճապոնիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Տոսիմիցու Մոտեգին ստանձնել էր Ճապոնիայի կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Մինչեւ կառավարության նոր կազմի հայտարարումը ԱԳՆ ղեկավարի գործառույթները կատարում է անձամբ վարչապետ Կիսիդան։ Հայասին եղել է երկրի պաշտպանության նախարարը 2009թ. հուլիս-սեպտեմբերին։ 2012թ. դեկտեմբերից մինչեւ 2014թ. սեպտեմբեր եւ 2015թ. փետրվար-հոկտեմբերին գլխավորել է գյուղատնտեսության, անտառտնտեսության եւ ձկնորսության նախարարությունը։ 2017թ. օգոստոսից մինչեւ 2018թ. հոկտեմբեր Հայասին կրթության, մշակույթի, սպորտի, գիտության եւ տեխնոլոգիաների նախարարն էր։ Հոկտեմբերի 31-ին Ճապոնիայում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ։ ԼԴԿ-ն կարողացավ պահպանել բացարձակ մեծամասնությունը ստորին պալատում՝ ստանալով 261 տեղ 465-ից։ Սա 15-ով քիչ է, քան 2017թ. ընտրություններում։ Կառավարող կոալիցիայում լիբերալ-դեմոկրատների կրտսեր գործակցի՝ «Կոմեյտո» կուսակցության պատգամավորները զբաղեցրել են 32 աթոռ՝ իրենց դիրքերն ամրացնելով երեք մանդատով։




Comments