Ինչ ցանում ես, այն էլ հնձում ես. Մարուքյան

«Իշխող խմբակցության ո՞ր պատգամավորն է դատապարտել վարչապետի հայտարարությունը «վնգստացող դատավորների» վերաբերյալ: Չեն դատապարտել: ԲԴԽ նախագահն էլ այդ հայտարարությունը շրջել է իրենց դեմ: Մի արեք այդպիսի հայտարարություն, որ ուրիշներն էլ հղում չանեն այդ հայտարարությանը: Եթե իրենց ղեկավարն է արել դա նորմալ է, եթե ԲԴԽ նախագահն է այլ նյուանսով դա արել, դա դատապարտելի՞ է։ Ինչ ցանում ես, այն էլ հնձում ես: Ցանել են վնգստացող խոսակցություններ, հետ է եկել վնգստացող խոսակցություններ»։ Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, ԱԺ ճեպազրույցների ժամանակ նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Անդրադառնալով վարչապետի նկատմամբ մահափորձի գործին, Մարուքյանն ասաց. «Եթե այդ գործով ապացույցները լինեին ծանրակշիռ, դատավորները չէին մտնի այդ բեռի տակ եւ մեղադրյալների նկատմամբ խափանման միջոցը կալանքը չընտրեին: Չի կարելի դատարան ուղարկել հում գործեր եւ դատարանից ակնկալել, որ այդ հում գործերով այնպիսի որոշումներ կայացնի, որ հետո պրոբլեմներ ունենա իր կայացրած որոշման հետ:
Շատ քիչ խոսվեց, օրինակ, Արարատ Միրզոյանի մասով, որը փորձ չի, կոնկրետ դեպք է: Այսինքն պատգամավորներն ավելի շատ փորձում էին վարչապետին հաճոյանալ»,-ասաց Մարուքյանը:
Ինչ վերաբերում է դատավորների՝ նախկին իշխանությունների հետ հնարավոր կապերին, Մարուքյանն ասում է՝ այս երկիրը դարձել է օդում խոսակցությունների երկիր․ «Եթե կա փաստ, որ մի դատավոր կաշառք է վերցրել, եթե կա փաստ, որ մեկը զանգել է դատավորին հրահանգ է տվել, բռնեք, կալանավորեք, դատեք, մենք էլ ծափահարենք, ասեք՝ էսինչ դատավորը անկախ չի, որովհետեւ հրահանգ է կատարում: Հո ասելով չի, եթե փաստ չկա, հեքիաթն ո՞ւմ է պետք»:




Comments