top of page

Շուրջ երեք տարի սիրո հանդուրժողականությունը վերածվեց խորը ատելության միմյանց նկատմամբ. Ավետիսյան

Mar 3, 2021
1 min read

Ես աղանդավորների նկատմամբ վատ վերաբերմունք չունեի, բայց երկրում վտանգավոր այս աղանդի ձևավորման հարցում, խնդրում եմ, ինձ ներեք, ես դարձել եմ անհանդուրժող։ Իրենցից ոչինչ չներկայացնող մարդիկ հաճախ այնպիսի քննարկումների են բռնվում, որ դժվար է հավասարակշռություն պահպանել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ.գ.թ., Հայկական Փի Ար ասոցիացիայի ղեկավար Աստղիկ Ավետիսյանը:

Նա մասնավորապես գրել է. «Փողոցի անդաստիարակ մտածողությամբ մեկը հայտնվում է քո միջավայրում ու անպայման ուզում է քեզ հետ քաղաքական իրավիճակ քննարկել։ Երեք բառից հետո աչքերը փակում է և առանց լսելու դիմացինին սկսում է բարձրաձայն և արագ խոսել նախկիններից, թալանից, երկիրը քանդելուց և այն բաներից, որոնք տարիներով նախկին ընդդիմադիրները մորֆիի նման լցրել են ուղեղներում։ Դիցուք այդպես է, բայց հիմա մենք խոսում ենք այս ժամանակաշրջանի արհավիրքի մասին, լավ տեխնոլոգիաներով իրականացված իշխանափոխության մասին, մերժեցիք ամենքին և ամեն ինչ, եկաք զրոյից սկսելու ձեր քաղաքական գիծը ու տարաք կործանման։ Շուրջ երեք տարի սիրո հանդուրժողականությունը վերածվեց խորը ատելության միմյանց նկատմամբ, անհեթեթ արտաքին և ներքին հաղորդակցային ուղերձները փոխեցին մեր հարաբերությունները արտաքին աշխարհի հետ, ներքին քաղաքական անկայունության բերեցին։ Տրված ազդակները թշնամուն մղեց գործողության, սկսվեց պատերազմ, կորցրեցինք մեր լույս տղաներին հանուն նրա համար, որ չասեն Նիկոլն առանց պատերազմի հող հանձնեց։ Մանկամիտ, ոչ կոմպետենտ, կիսագրագետ, վերլուծելու կարողություն չունեցող մարդիկ զբաղեցրին պաշտոններ, որոնց մասին երազում անգամ կարող էին չտեսնել։ Ու երեք տարի բոլոր ոլորտներում անգործություն է, սխալը սխալի հետևից է կատարվում, ոլորտներ կան, որ ամբողջությամբ ճահճի մեջ են հայտնվել, երկար ժամանակ կպահանջվի վերականգնելու համար։ Բոլոր ոլորտներում ճգնաժամ է, պետք է արագ թափ տանք մեզ, որ առաջ շարժվենք, փակենք այս ողբերգական և ցավալի սև էջը, բայց դրա համար պետք է, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա և ձևավորված այս աղանդը սկսի սովորել, կրթվել, ինքնուրույն մտածել, թե չէ ինձ նման մարդկանց օրգանիզմի բոլոր բջիջներն ընդվզում են...»:

 
 
 

Comments


bottom of page