top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Այս որոշումը չի նպաստի, որ նոր ուսուցիչներ մեկնեն սահմանամերձ բնակավայրեր. Մխիթարյան

Updated: Nov 8, 2022


Կրթական հարցերի փորձագետը կարծում է, որ իրավիճակից դուրս գալու միակ ճանապարհը բոլոր ուսուցիչների աշխատավարձը մինչև 400 000 դրամ բարձրացնելն է։

Փոքրաթիվ աշակերտներ ունեցող դպրոցներում (մինչև 100 աշակերտ) աշխատող բնագիտական առարկաների ուսուցիչների աշխատավարձը բարձրացնելու որոշումն իրավիճակն ինչ-որ տեղ փրկելու ոչ հիմնավոր և ոչ հուսալի քայլ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց կրթական հարցերով փորձագետ Ատոմ Մխիթարյանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում 2023–ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտնեց, որ կբարձրացնեն մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցներում աշխատող բնագիտական առարկաների այն ուսուցիչների աշխատավարձերը, որոնց դրույքաչափը պակաս է մեկ դրույքից, այսինքն` 90 000 դրամից պակաս ստացող ուսուցիչ չի լինի։ Փաշինյանը նշեց, որ բնագիտական առարկաներ դասավանդող 8135 ուսուցիչ հավելավճար կստանա։ «Փոքրաթիվ աշակերտներ ունեցող դպրոցներում այժմ բնագիտական առարկաներ դասավանդող ուսուցիչները, որոնք մեկ դրույք չունեն, ստանում են 30-40 000 դրամ։ Իսկ փոփոխությամբ ստացվում է, որ նրանց աշխատավարձը նվազագույն զամբյուղի չափ կլինի, այսինքն` փորձում են գոնե նրանց պահել իրենց տեղերում։ Այս որոշումը, սակայն, չի նպաստի, որ նոր ուսուցիչներ մեկնեն սահմանամերձ բնակավայրեր»,–ասաց Մխիթարյանը։ Նա ընդգծեց` հիմնավոր խնդիրն այս որոշմամբ չի լուծվի։ Սա, ըստ մասնագետի, անհուսալի փորձ է ինչ–որ կերպ մեղմելու այն քաղաքականությունը, որը սխալմամբ վարում էին վերջին տարիներին։ Դպրոցներում, որոնք հիմնականում բարձրլեռնային կամ սահմանամերձ շրջաններում են, ուսուցիչների թափուր հաստիքներ կան, և ոչ ոք դրանք չի զբաղեցնում, քանի որ ծախսը, որը պետք է անեն, ավելի շատ կլինի, քան նախատեսված աշխատավարձը։ Կրթության փորձագետը նշում է, որ պետք չէ նոր հեծանիվներ հորինել. խնդրի լուծման իդեալական տարբերակն այն կլիներ, որ ոչ թե ատեստացիաներ լինեին` կամավոր, պարտադիր, որպեսզի ինչպես ուսուցիչներն իրենք են ասում` մի քանի կոպեկով աշխատավարձը բարձրացնեն, այլ համընդհանուր բոլորի աշխատավարձը բարձրացնեին։ «Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Գերմանիայում և Ճապոնիայում ուսուցիչները դարձան այդ հասարակությունների ամենաբարձր վարձատրվողը։ Եվ հիմա կրթական համակարգի շնորհիվ երկու երկրներն էլ ունեն աշխարհի երրորդ կամ չորրորդ տնտեսությունները։ Մենք ոչ վաղ անցյալում` խորհրդային տարիներին, ունեցել ենք այս իրավիճակը, ինչը նշանակում է, որ հնարավոր է վերականգնել»,–ասում է Մխիթարյանը։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page