Հանգուցալուծման տարբերակներ առաջարկվել են. Միրզոյանը՝ Ուրիխանյանին

Մեկնարկել է Ազգային ժողովի հերթական քառօրյան:
Այս քառօրյայի օրակարգում ընդգրկված է նաև Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարց:
Նիստի սկզբում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ներկայացրեց յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին ԱԺ որոշման նախագիծը, ինչից հետո անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը Միրզոյանին հարց ուղղեց ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ:
«Եթե նկատել եք, երկրում ճգնաժամ է, ծայրահեղ իրավիճակ է, ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծման անհրաժեշտություն ունի, խորհրդարանական կառավարման երկրում, խորհրդարանական կառավարման մոդելով երկրում խորհրդարանը հավելվածի կարգավիճակ ունենալ չի կարող: Ես առաջարկում եմ հանգամանքից դառնալ գործոն, ձեռնարկեք միջոցներ: Քաղաքական մեծամասնությանն է խոսքս ուղղված. այդ չարաբաստիկ քաղաքական մենաշնորհի առկայությունը մեզ թույլ չի տալիս ձերբազատվել ռազմական դրությունից, ինքնալուծարվել, վարչապետին անվստահություն հայտնել, չգիտեմ ինչ անել հանգուցալուծման բերեք, որպեսզի ունենանք արտահերթ ընտրություններ: Այս իրավիճակը ծայրահեղ դրության մեջ է դրել բոլորին, մարդկանց հոգիներում խախանդություն չկա, հանգստություն չկա, մարդիկ մեկ ամիս, մեկ շաբաթ չեն կարողանում կյանքը պլանավորել»:
Միրզոյանն էլ ասաց, որ հանգուցալուծման տարբերակներ առաջարկվել են: «Չխուսափելով խնդրի քննարկումից հանգուցալուծման տարբերակներ, այդ թվում՝ հրապարակավ առաջարկվել է ՀՀ վարչապետի կողմից բոլոր խորհրդարանականների համար առաջարկը քննարկելը բաց է: Մինչ այդ հնչել է այլ խմբակցություններից առաջարկներ, կարելի է նստել, պայմանավորվել, հանգուցալուծումը գտնել»:




Comments