top of page

Մեկնարկում է «Կինոդպրոց՝ առանց սահմանների» կրթական ծրագիրը. ԿԳՄՍՆ

Mar 31, 2022
1 min read


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Ֆիլմ ինդասթրի դևելոփմենթ» ընկերությունը «ՀՀ ազգային հերոս Վահագն Ասատրյանի անվան հերոսների վերականգնողական քաղաք» ՀԿ-ի հետ 2022 թ. ապրիլի 15-ից իրականացնելու է «Կինոդպրոց՝ առանց սահմանների» կրթական ծրագիրը: Նախարարությունից հայտնում են, որ Ծրագրի նպատակն է նպաստել երիտասարդների մասնագիտական կողմնորոշմանը, լրացուցիչ և շարունակական կրթությանը կինոարտադրության ոլորտում: Ծրագրին մասնակցությունն անվճար է: Դասընթացներին կարող են մասնակցել մարտական գործողություններին մասնակցած և այդ գործողություններից ներազդված երիտասարդներ՝ Երևանից և ՀՀ մարզերից: Ծրագրի շրջանակում նախատեսվում են ուսուցում, պրակտիկ դասընթացներ, ժամանակակից ֆիլմերի դիտում-քննարկում, հանդիպում ֆիլմերի ստեղծագործական կազմերի հետ, հանդիպում անվանի արվեստագետների հետ, ավարտական համատեղ ֆիլմի նկարահանում, մասնակցություն այլ ստեղծագործական նախագծերին: Ուսուցման մասնագիտությունները Sցենարիստ Ռեժիսոր Մոնտաժի ռեժիսոր Ծրագիրը կիրականացվի երկու փուլով՝ ապրիլի 15 - մայիսի 30, հունիսի 1 - հուլիսի 15: Իրականացվող դասընթացի հիմնական բաղադրիչներն են՝ համառոտ ծանոթություն կինոյի պատմությանը, կինոլեզվի հիմունքները, ծանոթացում կինոարտադրության գործընթացին՝ սցենարի զարգացում, ֆիլմի նախապատրաստական փուլ, նկարահանման փուլ, հետարտադրական փուլ, դիստրիբուցիա: Դասընթացներն անցկացնում են կինոարտադրության ոլորտում կայացած և փորձառու մասնագետները: Ծրագրի ավարտին մասնակիցներին տրվում է հավաստագիր, և լավագույն արդյունք ցուցաբերած շրջանավարտներն ընդգրկվում են մասնագիտական նախագծերում՝ ապահովվելով աշխատանքով: «Կինոդպրոց՝ առանց սահմանների» կրթական ծրագրի առաջին փուլին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս/թ ապրիլի 10-ը ծրագրի ֆեյսբուքյան էջին (https://bit.ly/3qPCGZ1) ուղարկել մասնակցության նամակ՝ նշելով մասնակցի անուն-ազգանունը, հեռախոսահամարը: Մասնակցությունը կհաստատվի հետադարձ նամակով։ Մանրամասն ինֆորմացիայի համար կարող եք զանգահարել +374 55 18 94 75 հեռախոսահամարին:

 
 
 

Comments


bottom of page