Search

Լույս է տեսել Թամարա Թովմասյանի և Գայանե Մկրտչյանի հեղինակած փոխադրության նյութերի ժողովածուն


Լույս է տեսել Թամարա Թովմասյանի և Գայանե Մկրտչյանի հեղինակած 5-9-րդ դասարանների փոխադրության նյութերի ժողովածուն: Այս մասին Anews.am-ը տեղեկանում է կրթության փորձագետ Թամարա Թովմասյանի ֆեյսբուքյան էջից:

Գիրքը կազմված է նորովի՝ ավանդականից տարբեր մոտեցումներով, և արդի չափորոշչային կարողունակություններին ու վերջնարդյունքներին համապատասխան և սովորողին հնարավորություն է տալիս ստեղծագործական աշխատանք կատարելու:

Թամարա Թովմասյանը Anews.am-ի հետ զրույցում նշեց, որ աշխատում է 7-րդ դասարանի գրականության ուսումնական նյութերի ստեղծման վրա։ «Դա ողջ տարվա կտրվածքով առաջադրանքների ու դասի պլանների փաթեթ է և մշակել եմ նաև 7-րդ դասարանի թեմատիկ պլանավորումը` նոր չափորոշչով սահմանված վերջնարդյունքներով, որն էլ հիմք է դարձել մշակելու մոտ 200-300 էջի սահմաններում այդ փաթեթի մշակմանը։ Այդ նույնը 10-րդ դասարանի հայոց լեզվի համար եմ անում, առանց տարբերության»,- ասաց կրթության փորձագետը։

Նշենք, որ Թամարա Թովմասյանը մրցույթով ընտրվել է «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամի հայոց լեզու և գրականություն առարկայի փորձագետ, որի արդյունքում շահել է այդ երկու փաթեթի ստեղծման իրավունքը։

Նրա խոսքով` օրերս տպագրվել է ևս մեկ նոր գիրք՝ Հայոց լեզու 7 մեթոդական ձեռնարկը ուսուցիչների համար։


Փոխադրությունը՝ որպես գրավորի տեսակ, նման է շարադրությանն այնքանով, որ սովորողն իր դատողություններն ու ապրումներն է շարադրում, ինչպես շարադրությունում: Շարադրությունից տարբերվում է նրանով, որ որոշակի սյուժեի սահմաններում է ստեղծագործում: Այն շարադրության անցնելու նախապատրաստական փուլ է: Փոխադրություններն իրենց բնույթով կարող են լինել՝ ա) պատմողական, վերարտադրողական, բ) նկարագրական՝ մեկնաբանություններով, գ) ստեղծագործական, այլ սյուժեով: Տեսակները հաճախ կարող են խառնված լինել. պատմողական փոխադրությունները կարող են ունենալ նկարագրական և ստեղծագործական հատվածներ և հակառակը: Ամենապարզ տեսակը պատմողական, վերարտադրողական տեսակն է: Նրանում կարևորը դեպքերի ճիշտ հաջորդականությամբ սյուժեի վերարտադրումն է: Ուսուցչի հանձնարարականով սյուժեի շարադրումը կարող է լինել անցյալ, ներկա կամ ապառնի ժամանակներով, շարադրողը կարող է հեղինակին դարձնել դեպքերի անմիջական մասնակից: Այսպիսի հանձնարարականներով փոխադրությունը կարող է ունենալ ստեղծագործական տարրեր: Պատմողական, վերարտադրողական փոխադրությունները պիտի պատասխանեն մի քանի հարցերի. դրանք են՝ ա) կա՞ արդյոք տեղեկություն, առանց որի հաղորդման տվյալ պատմությունը կլիներ անհասկանալի, բ) ո՞ր դեպքերն են առավել կարևոր գլխավոր ասելիքը հաղորդելու համար, ո՞ր դեպքերը կարելի է շրջանցել, գ) ինչպե՞ս ներկայացված միտքը շարադրել ավելի համառոտ, դ) ինչպիսի՞ն է հեղինակի վերաբերմունքը հերոսների նկատմամբ, ե) ո՞ր դեպքերն են առավել ընդգծում հերոսի (հերոսների) անհատականությունը, դրական կամ բացասական կողմերը: Ճիշտ է, պատմողական փոխադրությունը ամենապարզ տեսակն են, սակայն էլ պիտի բավարարի մի շարք պահանջների.  դեպքերի ճիշտ հաջորդականության շարադրում,  կատարված դեպքերի պատճառահետևանքային կապերի բացահայտում,  գլխավորը երկրորդականից տարանջատելու կարողություն,  հիմնական միտքը ներկայացնելու պարտադիր պայման: Նկարագրական փոխադրությունները ավելի բարդ տեսակ են: Նրանց համար կարևոր պայմաններ են՝ ա) առարկայի, երևույթի մանրակրկիտ նկարագրություն, բ) հերոսի (հերոսների) արտաքինի, հատկանիշների մանրամասն նկարագրություն: Նկարագրական բնույթի փոխադրություններում չպիտի բաց թողնել ընդհանուր պատկերը ձևավորող ոչ մի մանրուք: Այսպես, ներկայացնելով հայկական որևէ եկեղեցի, չի կարելի բաց թողնել ոչ մի մանրուք, որովհետև դրանց շարադրումը պատկերացում է տալիս տվյալ ժամանակաշրջանի ճարտարապետության, ոճի մասին: Նկարագրական բնույթի փոխադրությունները պիտի պատասխանեն մի շարք հարցերի. ա) ո՞ր մանրամասներն են կարևոր և ինչո՞ւ, բ) ի՞նչ հատկանիշներով է օժտված առարկան կամ անձը, գ) ինչպիսի՞ համեմատություններ կարելի է անցկացնել, դ) ի՞նչ ոճով (լեզվով) է ներկայացվում երևույթը, առարկան կամ անձը: Ստեղծագործական բնույթի փոխադրությունները ոչ բոլորին են հասու, որովհետև դրա համար կարևոր է վերլուծական և քննադատական մտածողությունը: Շարադրողին միշտ պիտի ուղեկցի ինչո՞ւ հարցը. Ստեղծագործական փոխադրությունները պիտի բավարարեն մի շարք պահանջների. ա) անդրադարձ դատողության ենթարկվող փաստերին, բ) գլխավոր ասելիքի շեշտադրում, գ) դատողությունների հիմնավորում, դ) լեզվական միջոցների ճիշտ ընտրություն, ե) կատարվող դեպքերը երրորդ դեմքով պատմելու կարողություն, զ)նմանատիպ պատմության հորինում, դեպքերին այլ շարունակություն տալու հիմնավորված շարադրանք, է) եզրակացություն, սեփական դիտարկումները շարադրելու կարողություն, ը) կատարվածը այլ անձի անունից պատմելու կարողություն և նրա ներաշխարհին համապատասխանող հիմնավորումներ և մեկնաբանություններ:

Փոխադրության բնագրերը երաշխավորվում են ինչպես ուսուցանող, այնպես էլ թեմատիկ գրավոր աշխատանքի համար։

ԼՐԱՀՈՍ
practice cover.png