Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել՝ կոչ անելով անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը

Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել՝ կոչ անելով անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը Եվրախորհրդարանը երեկ տեղի ունեցած քննարկման արդյունքում բանաձև է ընդունել Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Բանաձևում մասնավորապես ասվում է. Խորհրդարանն ափսոսանք է հայտնում այն ծանր հումանիտար ճգնաժամի կապակցությամբ, որն առաջացել է Ադրբեջանի ինքնահռչակ բնապահպանների կողմից Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի ներկայիս շրջափակման հետևանքով։ Քանի որ միջանցքը պատերազմից տուժած շրջանը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է, Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում Ադրբեջանին անհապաղ վերաբացել այն՝ ապահովելու ազատ տեղաշարժ և անհրաժեշտ ապրանքների և ծառայությունների հասանելիություն առավել խոցելիների համար: Բանաձևն ընդգծում է Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի անհրաժեշտությունը, որը կերաշխավորի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։ Այն կոչ է անում թույլ տալ միջազգային կազմակերպություններին մուտք գործել տարածք՝ անհրաժեշտ մարդասիրական օգնություն տրամադրելու համար, ինչպես նաև ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ փաստահավաք առաքելությանը մեկնել Լաչինի միջանցք՝ տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու համար: Բացի այդ, Եվրախորհրդարանի պատգամավորները դատապարտում են տարածքում ներկա ռուս «խաղաղապահների» անգործությունը և գտնում են, որ նրանք պետք է փոխարինվեն ԵԱՀԿ միջազգային խաղաղապահներով։ Նրանք նաև խրախուսում են ԵՄ-ին երաշխավորել, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչներն այլևս պատանդ չլինեն Բաքվի ակտիվության, Ռուսաստանի ապակառուցողական դերի կամ Մինսկի խմբի անգործության տակ։




Comments