top of page

Զավեն Խաչիկյանը կներկայացնի իր «Վերաբերմունք»/«Einstellung» խորագրով ցուցահանդեսը

Aug 23, 2021
1 min read

Լուսանկարիչ Զավեն Խաչիկյանը Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնում կներկայացնի իր նոր՝ «Վերաբերմունք»/«Einstellung» խորագրով ցուցահանդեսը։ Ցուցահանդեսի պաշտոնական բացումը տեղի կունենա օգոստոսի 24-ին, ժամը 18։00։

Լուսանկարչական ցուցահանդեսի հիմքում 2020-2021թթ. համավարակ-պատերազմի պայմաններում գրեթե անշարժացած մշակութային մեր կյանքի բեմահարթակում Երևանի Իսահակյան թաղամասի բնակիչ` լուսանկարիչ Զավեն Խաչիկյանի բակն է, նրա լուսանկարային անդրադարձները` դիտված բազմաբնակարան շենքի նրա պատուհանից:

«Սա մի փորձ է ակնադիտական (visual) տիրույթում հետահայաց զննելու ներկան` նյութի մեջ ընդգծելով արվեստայինը: Դիտողին հնարավորություն կընձեռնվի միջամտել լուսանկարներին` դառնալ համաստեղծող: Նախագծի ոգեշնչման աղբյուր է հանդիսացել գերմաներեն լեզվի «Einstellung» («Վերաբերմունք») բառը. ակնադիտական արվեստում ընդգրկուն հասկացություն, որին մանրամասն անդրադարձել է գերմանացի հանրահռչակ ռեժիսոր Վիմ Վենդերսը»,-ասում է Զավեն Խաչիկյանը։

Ցուցահանդեսի առաջնային հիմնախնդիրներերն են լուսանկարչության և արվեստի այլ բնագավառների միջև կապերի զարգացման հարցերի քննարկումը, արդի լուսանկարչության այլընտրանքային ուղիների բացահայտումը, լուսանկարչություն-մարդ-միջավայր-իրադարձություն հարաբերություններում արվեստային գործոնի կարևորումը, պատկերահանդեսի` նորարարական ինտերակտիվ հարթակի վերակերպումը:

Բացի այդ, ցուցահանդեսի շրջանակում կանցկացվի հանրային քննարկում: Նշենք նաև, որ երևանյան ցուցահանդեսին զուգահեռ Գյումրիի Gallery 25 ցուցասրահում օգոստոսի 31-ին կկազմակերպվի ցուցադրություն-քննարկում:

Նշենք, որ ցուցահանդեսը տեղի կունենա օգոստոսի 24-ից սեպտեմբերի 3-ը։

«Վերաբերմունք»/ «Einstellung» լուսանկարչական ցուցահանդես -քննարկումներ նախագծի աջակիցներն են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Երևանում «Գյոթե» կենտրոնը և Հ. Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնը։

 
 
 

Comments


bottom of page