top of page
ԼՐԱՀՈՍ
Search

«Ադրբեջանական բանակը միշտ պարտվել է, երբ պատերազմել է առանց Թուրքիայի աջակցության»․Լ Ալավերդյան


«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը «Հայելի» ակումբում խոսելով ամեն օր Հայաստանի եւ Արցախի վրա ադրբեջանական զինված ստորաբաժանումների կողմից տարբեր տրամաչափի զինատեսակներից իրականացվող գնդակոծությունների, դրա հետեւանքով մեր ունեցած զոհերի, վիրավորների եւ դրան ի պատասխան՝ հայկական կողմից հնչեցվող ընդամենը զինադադարի ռեժիմը խախտելու մասին պաշտոնական հայտարարությունների մասին՝ ասաց. «Ես ուզում եմ սկսել մի բանից, որը, գուցե, ոչ բոլորին է հայտնի: Այդ ցեղասպանական ագրեսիայի արդյունքները ոչ թե Ադրբեջանինն են, այլ Թուրքիայինը: Քանի որ Ադրբեջանը շատ լավ գիտի, որ իր բանակը ոչ մի բանի ունակ չէ, եթե չլիներ Թուրքիայի ուղղակի կառավարումը, եթե ԳՇ պետը Թուրքիայից նշանակված չլիներ, եթե չլինեին վարձկանները եւ այլն, մի կողմի համար ողբերգական, մյուսի կողմից՝ հանցագործ արդյունքները չէին գրանցվի: Իսկ ահա այսպիսի գործողությունները, ինչպիսիք Ադրբեջանն անում է՝ այստեղ-այնտեղից կրակել խաղաղ բնակիչների, կամ պարզապես դիրքում կանգնած զինվորի վրա, դա հենց ադրբեջանական բանակի ձեռագիրն է: Կրկնում եմ, ադրբեջանական բանակը, սկսած 1918 թվականից, չի ունեցել որեւէ հաղթանակ: Նա պարտվել է ամբողջովին 90-ականների սկզբին, երբ որ միայնակ փորձում էր պատերազմել, թեեւ հայր Ալիեւը էլի վարձկաններ էր հրավիրել: Ադրբեջանը տանուլ է տվել պատերազմը դեռ չկազմավորված եւ նոր-նոր կազմավորվող Արցախի պաշտպանության բանակին: Չնայած ունեցած զինամթերքին ու աջակցությանը, Ադրբեջանը խայտառակ ձեւով պարտվել է, կրկնում եմ, հենց Արցախի պաշտպանության բանակին: Դրա լավագույն վկայությունն են ուղղակի Ադրբեջանի պաշտպանության նախարարի նամակները ՊԲ ղեկավար Սամվել Բաբայանին: Պետք չէ այսօր զարմանալ, որ նրանք միայն այսպես խուժանավարի այս անկյունից, այն անկյունից կրակում են: Դա ամենակարեւոր բանն է, որ ուզում եմ հստակ ձեւակերպել. Ադրբեջանի բանակը երբեւէ հաղթանակ չի ունեցել: Եվ այդ ցեղասպանական ագրեսիայի արդյունքները զուտ Թուրքիայի միջամտությունն են: Նաեւ Պակիստանի եւ այլոց անունն են տալիս: Դրանք օժանդակ բաներ են: Հիմնականում Թուրքիան է: Սա ասում եմ, որովհետեւ դեռ կգա ժամանակը, որ եւ Թուրքիան՝ որպես կազմակերպիչ, Ադրբեջանը՝ որպես կատարողն այդ ցեղասպանական ագրեսիայի, պետք է կանգնեն ոչ միայն պատմության դատի առջեւ, իրական միջազգային դատարանների առջեւ»:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page