«Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին մասնակցությունը կխթանի մշակութային և ստեղծագործ ոլորտների մրցակցությունը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և Եվրոպական միության նորարարության, հետազոտության, մշակույթի, կրթության և երիտասարդության հարցերով հանձնակատար Մարիա Գաբրիելը ստորագրել են ««Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին (2021-2027 թթ.) ՀՀ մասնակցության մասին» համաձայնագիրը: ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ ըստ համաձայնագրի՝ Հայաստանը՝ որպես ասոցացված երկիր, մասնակցում է մշակութային և ստեղծագործ ոլորտներում ԵՄ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին՝ ներառյալ միջոլորտային հարթակի ստեղծմանն օժանդակող գործողություններին: «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին (2021-2027 թթ.) ՀՀ մասնակցության մասին» համաձայնագիրը հանդիսանում է նախորդ՝ «Ստեղծագործ Եվրոպա» (2014-2020 թթ.) ծրագրի շարունակությունը: Նախորդ ծրագիրը մեծապես խթանել է Հայաստանում մշակույթի զարգացումը՝ ոլորտի ներկայացուցիչներին տարբեր դրամաշնորհային ծրագրերի մասնակցելու նոր հնարավորություններ ապահովելով: Մասնավորապես՝ «Ստեղծագործ Եվրոպա» (2014-2020 թթ.) ծրագիրը նպաստել է ճարտարապետության, երաժշտության, գրականության, կատարողական արվեստի, հրատարակչության, ռադիոյի, տեսողական արվեստի և այլ ոլորտների զարգացմանը: Համաձայնագիրն իրականացվում է 2005 թվականի «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» ՅՈՒՆԵՍԿՕ–ի կոնվենցիայով սահմանված՝ կողմերի պարտավորություններին համապատասխան։ Ակնկալվում է, որ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի շարունակությունը կխթանի մշակութային և ստեղծագործ ոլորտների մրցակցությունը:
Comments