top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Կայացել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Քրիստինա Կվինի թեկնածության հաստատման լսումները


ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովում տեղի են ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Քրիստինա Կվինի թեկնածության հաստատման լսումները, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: Դրանց ժամանակ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը, ի թիվս այլնի, անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության պատշաճ ճանաչմանը: «Ուրախ եմ տեսնել թեկնածուի, որն իրականում Հայոց ցեղասպանությունն անվանում է «ցեղասպանություն»», - ասել է Մենենդեսը՝ ընդգծելով, որ նախկինում արգելափակել է այն թեկնածուներին, որոնք Սենատի լսումների ժամանակ իրենց պատասխաններում ժխտել են Հայոց ցեղասպանությունը: Սենատոր Մենենդեսը իր խոսքում նշում է՝ սա Հայաստանի համար դժվար ժամանակներ են: Մենք ականատես եղանք Ադրբեջանի հարձակումներին, ինչպես նաև տեսանյութերին, ուր պատկերված են ռազմական հանցագործություններ, ինչպես նաև երկարատև մարդասիրական ճգնաժամին, որն առաջացել է պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղում, ասում է սենատորը: «Մենք պետք է իմանանք, թե արդյոք ադրբեջանական կողմը իրականացրել է նման սպանություններ, որպեսզի կարողանանք որոշել, թե արդյոք պետք է չեղարկել Ազատության աջակցության ակտի 907-րդ բանաձևը, թե ոչ: Ես ցանկանում եմ, որ այնտեղ նշանակվող դեսպանն ակտիվորեն օգնի մեզ որոշելու՝ արդյոք այս մահապատիժները, սպանությունները, այլ գործողությունները ճիշտ են, թե ոչ, կամ մի գուցե մասամբ են ճիշտ, և դրա մասին տեղեկացնի պետքարտուղարությանը և հանձնաժողովին, որպեսզի մենք՝ քաղաքականություն մշակողներս, որոշում կայացնենք: Կարող եմ, արդյո՞ք, այս հարցում ապավինել Ձեր վրա»,- հարց ուղղեց սենատոր Մենենդեսը: «Այո, սենատոր կարող եք: Ասեմ ավելին՝ ինձ համար շատ կարևոր է նման բնույթի հանցագործությունների համար պատասխանատվությունը, և ես աշխատանք կտանեմ՝ վստահ լինելու համար, որ առկա է պատասխանատվություն»,- պատասխանել է Քվիենը:

practice cover.png