Միայն «ՔՊ»-ն է Թուրքիայից եկող ազդակները դրական համարում

Վերջին ամիսներին Թուրքիան բազմիցս հայտարարել է, որ իր հնչեցրած նախապայմաններն ուժի մեջ են, դրան ավելացվել է նաեւ «միջանցքային տրամաբանությունը»։ Այս մասին այսօր՝ փետրվարի 10-ին, Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը՝ մեկնաբանելով իշխանության հայտարարությունները Թուրքիայից եկող դրական ազդակների մասին։
Պատգամավորը, մասնավորապես, հիշեցրեց թուրք բարձրաստիճան պաշտոնյաների վերջին հայտարարությունները։ «Թուրք պաշտոնյաներից մեկն ասել է, որ իրենք շարունակելու են համագործակցությունը եղբայրական Ադրբեջանի հետ»,- նշեց Մամիջանյանը՝ պարզաբանելով, որ տվյալ դեպքում խոսքը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ողջ գործընթացի մասին է։
Նրա խոսքով՝ միայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներն են կարողանում այդ ազդակները դրական համարել։ «Ես որեւէ այլ ազդանշան չեմ տեսել թուրքական պետական կառույցներից: Փորձը ցույց է տվել, որ երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որեւէ երկրից ինչ-որ դրական ազդակներ է տեսել, մենք սկսել ենք կրել լուրջ տարածքային եւ մարդկային կորուստներ»,- ընդգծեց պատգամավորը։