Ռազմիկ Դավոյանի ստեղծած գրականությունն ինքնատիպ ճանապարհ է դեպի մարդն ու մարդկայինը. ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցություն է հղել բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի մահվան կապակցությամբ: «Խոր ցավ եմ ապրում՝ իմ բազմաթիվ հայրենակիցների հետ միասին սգալով մեր նորագույն գրականության լավագույն ներկայացուցիչների մեկի՝ բանաստեղծ, հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանի կորուստը։ Ռազմիկ Դավոյանի ստեղծած գրականությունն ինքնատիպ ճանապարհ է դեպի մարդն ու մարդկայինը՝ ի սկզբանե համահունչ լինելով ժամանակին և իրականությանը։ Ավելի քան վեց տասնամյակ նրա յուրահատուկ ու բազմաշերտ ստեղծագործությունը` որպես պոեզիա ու արձակ, որպես երգի վերածված բանաստեղծություն ու հրապարակախոսություն, որպես մարդկային զգացմունք և քաղաքացիական մտահոգություն, ուղեկցում է մեզ։ Այն շարունակելու է այդպիսին մնալ նաև հետագա ժամանակներում, քանզի Ռազմիկ Դավոյանը ստեղծագործ անհատ էր ու հայրենիքի ճակատագրով ապրող քաղաքացի։ Ցավակցության և մխիթարանքի խոսքերս եմ հղում Ռազմիկ Դավոյանի ընտանիքին և հարազատներին, նրա գրչակից ընկերներին և նրա գրականությունը գնահատողներին», - ասված է ուղերձում։




Comments