top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ՔԿ-ն և «Գլաձոր» համալսարանի Կրիմինալիստիկական փորձաքննությունների կենտրոնը համաձայնագիր ստորագրեցին


ՀՀ քննչական կոմիտեի եւ «Երեւանի Գլաձոր» համալսարանի Կրիմինալիստիկական փորձաքննությունների կենտրոն»-ի միջեւ այսօր՝ փետրվարի 23-ին, Քննչական կոմիտեում ստորագրվեց համաձայնագիր: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Փաստաթուղթն ստորագրեցին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը եւ «Երեւանի Գլաձոր» համալսարանի Կրիմինալիստիկական փորձաքննությունների կենտրոն»-ի տնօրեն, համալսարանի հիմնադիր, ռեկտոր Ժորա Ջհանգիրյանը:

Համաձայնագրով կողմերի միջեւ համագործակցության հիմքեր կստեղծվեն, ինչպես նաեւ կամրագրվեն իրականացվելիք համատեղ աշխատանքները:

Քննչական կոմիտեի նախագահը, կարեւորելով համաձայնագրի ստորագրումը, նշեց, որ այն հիմք կհանդիսանա կառույցների միջեւ սերտ համագործակցություն ձեւավորելու գործում՝ միաժամանակ ընդգծելով ուսումնական հաստատությունում քրեագիտություն առարկայի դասավանդման առանցքային դերը:

«Որպեսզի անձը լավ քննիչ համարվի, չափազանց կարեւոր է, որ նրա մոտ կրիմինալիստիկական գիտելիքները լինեն բարձր մակարդակի վրա»,- ասել է Հայկ Գրիգորյանը:

Իր հերթին Ժորա Ջհանգիրյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության եւ համագործակցության համար, նշեց.

«Գլաձոր» համալսարանում կրիմինալիստիկայի կենտրոնի բացումը ուներ մեկ նպատակ՝ նպաստել Հայաստանի Հանրապետությունում արդարադատության իրականացմանը»:

Անդրադարձ կատարվեց նաեւ նախաքննության ընթացքում նշանակվող փորձաքննությունների կազմակերպմանը:

Նախաքննության փուլում փորձաքննությունների կատարման ժամկետների հարցը շարունակում է մնալ օրակարգային, արդիական եւ պահանջում է համալիր լուծում եւ համաձայնագրի ստորագրումը եւս մեկ քայլ է՝ քննության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ ձեռնարկված եւ իրականացվող քայլերի շարքում:

Փաստաթղթի ստորագրումը նպատակ է հետապնդում՝ բարձրացնելու նախաքննության ընթացքում նշանակվող փորձաքննությունների ինչպես որակը, այնպես էլ՝ դրանց իրականացման գործընթացի արդյունավետությունը, ինչպես նաեւ՝ կանխելու նախաքննության ժամկետների անհարկի ձգձգումը:

Ըստ համաձայնագրի՝ նախատեսվում է նաեւ մասնագիտական ոլորտում փորձի փոխանակում՝ ճանաչողական այցերի, խորհրդատվությունների, կլոր սեղանների եւ գիտաժողովների անցկացման միջոցով, երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող գիտագործնական, ինչպես նաեւ՝ մասնագիտական եւ կազմակերպական բնույթի այլ ուղղություններով։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page