Հայաստանում քաոս ստեղծելու նպատակաուղղված քաղաքականություն է տարվում․ փաստաբան

Հայաստանում քաոս ստեղծելու նպատակաուղղված պետական քաղաքականություն է տարվում։ Նոյեմբերի 18-ին կայացած քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը։
Իրավապահները բնակարանային գողությունների եւ այլ հանցագործությունների բացահայտմամբ զբաղվելու ժամանակ չունեն, քանի որ, ինչպես նշեց փաստաբանը, զբաղված են ընդդիմադիրների դեմ գործեր կարելով, ինչպես Չալաբյանի կամ Աշոտյանի դեպքում։
Կոչուբաեւը պարզաբանեց, որ այսպես կոչված «թավշյա հեղափոխությունից» հետո գրանցվել է ծանր հանցագործությունների թվի աճ, այդ թվում՝ հրազենի կիրառմամբ։ Օրինակ՝ 2019 թվականի առաջին 6 ամիսներին հրազենի կիրառմամբ կատարվել է նույնքան հանցագործություն, ինչ ամբողջ 2018 թվականին։
Փաստաբանը քննադատեց իրավապահների օպերատիվ աշխատանքը։ Նրա համոզմամբ՝ գործող ռեժիմը իշխանության չի եկել Հայաստանում ժողովրդավարություն հաստատելու նպատակով, նրանց ողջ քաղաքական կամքն ուղղված է միայն այլախոհության ճնշմանը։
«Նրանք իշխանության եկան Ռոբին Հուդի կարգախոսներով, սակայն ելնելով կայացած դատավճիռներից, կարելի է եզրակացնել, որ նախկին իշխանությունների օրոք կոռուպցիան այդքան էլ տարածված չէր։ Չկա ոչ մի դատապարտված նախկին կոռուպցիոներ, սակայն կան հասարակության աչքում վարկաբեկված գեներալներ ու բանակ ։ Այս ամենն արվում է հանրությանը մանիպուլյացիայի ենթարկելու նպատակով, դրան գումարած կա անպատժելիության մթնոլորտ»,- հավելեց փաստաբանը։
Comments