21-րդ դարի Ժանտախտը
Updated: Mar 26, 2020

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ՝ աշխարհում պանդեմիա հայտարարելու և այս համաճարակի դեմ լրջագույն պայքար սկսելու ժամանակ ակամա խուճապային տրամադրություններ են արթնանում աշխարհում: Սակայն, իրականում սա ոչ թե համաճարակ է, այլ պարունակում է համաշխարհային քաղաքակրթության ճգնաժամը, համաշխարհային տնտեսական համախտանիշ, երբ զարգացած տնտեսությունները մրցակցային դաշտում առողջ մթնոլորտ չեն գտնում:
Սա տնտեսական պայքար է, որում տեղ գտած ոչ ֆորմալ ձևաչափը խլեց բազմաթիվ մարդկային կյանքեր: Սա բեկումնային դարաշրջան է, երբ համաշխարհային քաղաքակրթությունը համաճարակների տարածման միջոցով ձգտում է բարձրացնել իր երկրի տնտեսական իմունիտետը կամ հասնել մի որևէ նպատակի՝ ապակայունացնելով թիրախային երկրի տնտեսությունը: Սա տիպական օրինակ է Ալբեր Քամյուի «Ժանտախտը» վեպի, որը փոխաբերական իմաստով նկարագրում էր Առաջին համաշխարհային պատերազմը, եվրոպական դիմադրությունը ֆաշիզմի, նացիզմի դեմ:
«Ժանտախտը» վեպում Քամյուն փորձ է կատարել գտնելու մարդկային ազատության խնդրի պատասխանն այն աշխարհում, որտեղ սովորական բարոյական հրամայականներն սպառել են իրենց: Կարելի է ասել, որ ժանտախտը ստիպեց Օրանի բնակիչներին փոխելու բարոյական նորմերի ու արժեքների վերաբերյալ իրենց վերաբերմունքը:
«Իսկ ինչ է ժանտախտը, - հարցնում էր բժիշկ Ռիեի հիվանդներից մեկը, - դա հենց կյանքն է: Այդպիսին է կյանքը և վերջ»:
Այո, կյանքն այդպիսին է, բայց դա վերջը չէ: Մարդկային հասարակության հավաքական ամբողջության էությունը աշխարհը յուրովի փոխելու՝ անհատական ջանքի կիրառման մեջ է:Բայց այդ անհատական ջանքը միտված է զարգացման նոր մոդելներ, համամարդկային արժեքների համատեքստում երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրեր իրականացնելուն, ինչն, ինչ խոսք, տեսնում ենք այսօր:
Եթե Քամյուի Ժանտախտն աբսուրդն է, հավաքական խորհրդանիշ, որն ընդգրկում է հարյուրամյակներ շարունակ Եվրոպան քայքայող երևույթների ամբողջականությունը, ապա այսօր ամբողջ աշխարհին սպառնացող կորոնավիրուսը տնտեսության քայքայման նպատակ ունի ու քաղաքական մեսիջների մի հսկա փաթեթ է պարունակում:
Կարելի է ասել, որ ինչպես ժանտախտը ստիպեց Օրանի բնակիչներին փոխելու բարոյական նորմերի ու արժեքների վերաբերյալ իրենց վերաբերմունքը, այնպես էլ այսօր առանձին երկրներում բարոյական նորմերը նոր արժեք ստացան: Կախված առանձին երկրների զարգացվածության ու քաղաքակրթության մակարդակից, մարդիկ սկսեցին փոխել վերաբերմունքը մարդկային արժեքների նկատմամբ. դարձան հոգատար, կարեկից պատրաստակամ, կամավորական աշխատանքներ կատարեցին կամ դարձան ավելի անտարբեր ու օտարման բութ վերաբերմունք որդեգրեցին:
«Ժանտախտի» մեծագույն բացահայտումը մարդկային բնության բացահայտումն է
- Ռ. Կիյո
«Մարդիկ պայքարում էին սարսափելի վարակը հաղթահարելու, չարին հաղթելու համար: Բայց պայքարի այդ շղթան դեռ անընդհատ պետք է շարունակվեր: «Ժանտախտը» վեպի ավարտին սարսափելի հիվանդության նահանջը նշող քաղաքացիների ուրախ բացականչությունների ներքո բժիշկ Ռիեն մտածում էր այն մասին, որ այդ ուրախությունը ժամանակավոր է, որ
«…երբ օրը գա, մարդկանց դժբախտացնելու կամ դաստիարակելու համար ժանտախտը կարթնացնի իր առնետներին և նրանց կուղարկի մահանալու որևէ երջանիկ քաղաքի մեջ»:
Այսօր էլ կորոնավիրուսի կամ ինչպես ասում են թագավարակի սպառնալիքը աշխարհում ծառայեց որպես համամարդկային արժեքների ինդիկատոր, որը ցույց տվեց աշխարհում այդ արժեքի նկատմամբ տարբեր դրսևորումներ: Մինչ աշխարհը պայքարում է այս ժահրի դեմ, կան մարդիկ, ովքեր աստղաբաշխական թվեր են յուրացնում ու իրենց տեղը համաշխարհային շուկայում ամրապնդելու գործիքներ կիրառում:
Մեջբերումները՝ Ալբեր Քամյուի «Ժանտախտը» վեպից
Հեղինակ՝ Ալվարդ Սեթյան




Comments