2023 թ․ Ղարաբաղին Հայաստանի ֆինանսական օգնությունը չի փոխվի
- Anews
- Oct 31, 2022
- 1 min read

2023 թվականին Հայաստանի պետական բյուջեից Ղարաբաղին հատկացվող ֆինանսական օգնության ծավալը չի փոխվի։ Այն կկազմի մոտ 144 մլրդ դրամ։ Այս մասին հոկտեմբերի 31-ին Ազգային ժողովում մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։ Նախարարի խոսքով՝ օգնության ծավալը կկազմի գրեթե նույնը, ինչ 2022 թվականին։ Ընդ որում, անցյալ տարի Ղարաբաղում ֆինանսական ծախսերի մի մասը միանվագ է եղել։ Միջոցները ծախսվել են ենթակառուցվածքների վերականգնման, ինչպես նաեւ բնակարանաշինության վրա։ «Հարկ է նաեւ նշել, որ 2023 թվականին նշված ծախսերն արդեն այդքան մեծ չեն լինի։ Դրա շնորհիվ Ղարաբաղում ստացված օգնությունը կարելի կլինի ուղղել այլ տեսակի ծախսերին»,- պարզաբանեց Խաչատրյանը։ Նա նշեց, որ Հայաստանի ֆինանսների նախարարությունը ղարաբաղյան իր գործընկերների հետ պարբերաբար քննարկում է ստեղծված իրավիճակը։ «Ֆինանսավորումն ավելանում է ըստ անհրաժեշտության։ Այսպես, 2022 թվականի ընթացքում աջակցության տեսքով հատկացվել է լրացուցիչ 20 մլրդ դրամ։ Նման որոշումներ կարող են ընդունվել նաեւ 2023 թվականին»,- եզրափակեց կառավարության ներկայացուցիչը։
Comments