top of page

2022-ի 2-րդ եռամսյակում լրագրողների հանդեպ բռնությունների աճ է գրանցվել՝ 11 դեպք, 12 տուժող. ԽԱՊԿ

  • Anews
  • Jan 27, 2023
  • 2 min read


2022 թվականը լրագրողների ու լրատվամիջոցների գործունեության համար եղել է լարված տարի՝ պայմանավորված Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ռազմական ագրեսիայի, սահմանային լարվածությունների, երկրում ներքաղաքական լարվածության և բողոքի ակցիաների, այլ էքստրեմալ իրադարձությունների լուսաբանման խնդիրներով։ Այս մասին ասվում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ, որը ներկայացրել է 2022թ․ տարեկան զեկույցը: Հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «ԶԼՄ-ների ներկայացուցիչների հանդեպ կիրառվող բռնություններն ու տարատեսակ այլ ճնշումները եղել են թե տեղական, թե միջազգային կազմակերպությունների ուշադրության կենտրոնում։ Իրավիճակը մտահոգիչ էր հատկապես 2-րդ եռամսյակի ընթացքում, երբ կիրառված ֆիզիկական բռնությունների դեպքերի կտրուկ աճ գրանցվեց՝ 11 դեպք (12 տուժող), որոնցից 10-ը (11 տուժող) տեղի է ունեցել ընդդիմադիր ուժերի կազմակերպած անհնազանդության ակցիաները լուսաբանելիս։ Գրանցվել է նաև տարատեսակ այլ ճնշումների 55 դեպք՝ մոտ 2 անգամ պակաս 2021 թվականի նույն տվյալից, և տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտման 115 դեպք՝ 16-ով ավելի նախորդ տարվա համեմատ։ Պետական մարմինների կողմից ԶԼՄ-ների հարցումների անհարկի մերժումը, ինֆորմացիայի տրամադրման անհիմն ձգձգումը, պատասխանների ամբողջական չլինելը կամ հարցերի էությանը չհամապատասխանելը սովորաբար պատճառաբանվում են պետական կամ ծառայողական գաղտնիքի առկայությամբ, ինչը ոչ միշտ է հիմնավոր լինում։ Իսկ տեղեկությունների պակասը, որպես կանոն, ավելացնում է ապատեղեկատվության տարածման հնարավորությունն ու հավանականությունը։ Մտահոգիչ են լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ արհամարհական և վիրավորական պահվածքի դեպքերը որոշ պաշտոնյաների ու իրավապահ մարմինների ծառայողների կողմից։ Այդպիսի վարքագծով աչքի են ընկել հատկապես ԱԺ իշխող խմբակցության պատգամավորները՝ Վահագն Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը, Քրիստինե Պողոսյանը, ինչպես նաև՝ խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը և այլոք։ Թեև 2021թ․ համեմատ գրեթե կրկնակի նվազել է ընդդեմ լրատվամիջոցների ու լրագրողների ներկայացվող դատական հայցերի քանակը, այդուհանդերձ, այն բավական մեծ է․արձանագրվել է 32 նոր գործ։ Դրանց գերակշիռ մասը՝ 30-ը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի հիմքով են, որը վերաբերում է վիրավորանքին ու զրպարտությանը։ Իսկ 2 դեպքում լրատվամիջոցները հանդես են գալիս որպես երրորդ կողմ՝ հեռուստաընկերություններն ընդդեմ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի դատական հայցերով։ Վերջիններիս առիթը ՀՌՀ կազմակերպած մրցույթներն են, որոնց արդյունքում լիցենզիա չեն ստացել «Հայկական երկրորդ հեռուստաալիքն» ու «Երկիր Մեդիան»։ Ի դեպ, «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով նախատեսված հեղինակազորումը նրանց թույլ է տալիս շարունակել գործունեությունը և հեռարձակվել մալուխային կամ այլ տեխնոլոգիական միջոցներով։ Տեղեկատվական վեճեր ծագելիս խնդրահարույց է մնում այն, որ դրանք արտադատական մեխանիզմներով լուծելու կայուն պրակտիկա չի ձևավորվում։ Մասնավորապես՝ սակավաթիվ են դեպքերը, երբ դատարան դիմելուց առաջ կամ դրա փոխարեն փորձ է արվում դիմել խմբագրություն՝ հերքման կամ պատասխանի իրավունքից օգտվելու համար, կամ բողոք ներկայացնել ԶԼՄ-ների ինքնակարգավորմամբ զբաղվող կառույցներին և խնդիրը լուծել այդ հարթությունում։ Ընդհանուր առմամբ, 2022թ․ արձանագրվել է լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների տարատեսակ խախտումների 184 դեպք։ Դրանցից 14-ը ֆիզիկական բռնության դեպք է, 55-ը՝ ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների, 115-ը՝ տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումներ են։

 
 
 

Comments


bottom of page