top of page
ԼՐԱՀՈՍ
Search

2022 թ.-ին ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է մոտ 25.000 անձ



Մշակվել է «Հայրենադարձության մասին» օրենքի նախագիծը, որի վերաբերյալ երկու քննարկում է կազմակերպվել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում: Օրինագիծը լրամշակվել է՝ համաձայն ստացված առաջարկությունների: Նախատեսվում է առաջիկայում շրջանառել օրենքի նախագծի լրամշակված տարբերակը: Այս մասին ասել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ ներկայացնելով 2022 թվականին Կառավարության ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները: Այս մասին հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։ Ըստ հիմնական զեկուցողի՝ հայրենադարձության և ինտեգրման ուղղությամբ տարբեր հարցերով Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը սպասարկել է ավելի քան 8000 դիմում: Կազմակերպվել են հայոց լեզվի դասընթացներ, որոնց մասնակցել է 240 հայրենադարձ: 334 ուկրաինահայ ընտանիք օգտվել է ինտեգրման աջակցության փաթեթից: 104 սիրիահայ և լիբանահայ գրասենյակի միջնորդությամբ պետպատվերի շրջանակում օգտվել է առողջապահական ծառայություններից, փոխհատուցվել է 18 սիրիահայ ուսանողի վարձավճար: Անդրադառնալով 2022 թվականի հոկտեմբերին Երևանում անցկացված Համաշխարհային համահայկական գագաթնաժողովին՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը տեղեկացրել է, որ աշխարհի 50 երկրից գագաթնաժողովին մասնակցել է շուրջ 600 հոգի: Հիմնական զեկուցողի ներկայացմամբ ««իԳործ» սփյուռքահայ մասնագետների ներգրավում ՀՀ և Արցախի պետական կառավարման համակարգում» միջոցառման շրջանակում 2021-2022 թթ. սփյուռքահայ 50 մասնագետ ներգրավվել է Հայաստանի և Արցախի պետական կառավարման համակարգի 26 կառույցում: ՀՀ-ում մնացած ծրագրի շրջանավարտների մոտ 80 տոկոսն աշխատանքի է անցել: Միջոցառման մասնակիցները մշակել են 10 նոր ծրագիր: «Քայլ դեպի տուն» միջոցառման շրջանակում կազմակերպվել է 13-18 տարեկան սփյուռքահայ պատանիների համար ուսումնաճանաչողական ծրագիր: Այն ներառել է 13-օրյա ճամբարային ծրագիր, որին 4 փուլով մասնակցել է 422 անձ՝ 18 երկրից: 2022 թվականին շարունակվել են սփյուռքի մարդկային ներուժի վերաբերյալ ուսումնասիրությունները, հավաքագրվել է ավելի քան 20 ոլորտում ներգրավված սփյուռքահայ 25.000 բարձրակարգ մասնագետների և գործիչների վերաբերյալ տեղեկատվություն: Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը կարևորել է «իԳործ» ծրագիրը՝ նշելով, որ Հայաստանի պետական համակարգում տարեցտարի ներգրավվում են բարձրակարգ կայացած մասնագետներ: Զարեհ Սինանյանը տեղեկացրել է, որ 2022 թվականին ՀՀ քաղաքացիություն ստանալու համար է դիմել մոտ 25.000 անձ: «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը քննարկվել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում:

0 comments

Comments


bottom of page