Search

Սփյուռքի նախարարության աջակցությամբ կազմակերպված դասընթացները՝ կանաչ լույս սփյուռքահայ ուսուցիչների



ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտիհայագիտական և սոցիալ–մշակութայինառարկաների բաժնի մասնագետներԹամարա Թովմասյանն ու Արման Մալոյանը սեպտեմբերի 20-ից մինչև հոկտեմբերի 20-ը ՀՀ սփյուռքի նախարարության կողմից գործուղվել էին Նիդերլանդների Ալմելոյի հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հովանու ներքո գործող «ՍուրբՄեսրոպ Մաշտոց» և Ամստերդամի Սուրբ հոգի եկեղեցու «Սուրբ Գրիգոր Նարեկացի» կիրակնօրյա դպրոցներ՝ ուսուցիչների համար վերապատրաստման դասընթացներ անցկացնելու:

Վերապատրաստման և մշտադիտարկման արդյունքները «Հայերն այսօր»-ը ամփոփել է Թամարա Թովմասյանի հետ:

– Տիկի՛ն Թովմասյան, ի՞նչ տպավորություններով եք վերադարձել Ալմելոյի և Ամստերդամի հայկական համայնքներից: Վերապատրաստման դասընթացները ծառայեցի±ն իրենց բուն նպատակին:

-Նշեմ, որ ես հայոց լեզվի և գրականության վերապատրաստումներ էի անցկացնում ուսուցիչների, իսկ Արման Մալոյանը հայոց պատմության և հայոց եկեղեցու պատմության՝ դասախոսություններ էր կարդում ինչպես ուսուցիչների, այնպես էլ համայնքի անդամների համար: Ընտրվել էին այն առարկաները, որոնք սփյուռքի հայկական մեկօրյա դպրոցներում են դասավանդվում՝ հայերեն և հայրենագիտություն, ինչպես նաև հայոց եկեղեցու պատմություն, որոնք նպաստում են ազգային ինքնության պահպանմանը:

Մեկ ամիս տևած դասընթացները՝ արդյունավետ էին, քանի որ իրականացվեցին այն ակնկալիքները, ինչը նախատեսված էր մեր կողմից նախօրոք կազմված ծրագրով; Շատ հետաքրքիր, միաժամանակ պարտավորեցնող էր աշխատանքը, քանի որ գործ ունեինք սփյուռքի ուսուցիչների հետ: Թեև դասավանդման ծրագիրը նախապես պատրաստ էր, սակայն տեղում՝ ուսումնական կարիքները գնահատելուց հետո միայն, ամեն ինչ հստակեցրինք և կողմնորոշվեցինք՝ հաշվի առնելով տարածաշրջանի առանձնահատկությունները:

Ես հիմնականում նոր մեթոդաբանությամբ հագեցած վերապատրաստման դասեր էի անցկացնում, որոնք հարստացրին ուսուցիչների գիտելիքները ինչպես մասնագիտական, այնպես էլ մեթոդական առումով: Որպես դիտարկում՝ նշեմ, որ դպրոցներում օրակարգային հարց է մնում դասագրքերի խնդիրը, առարկայական ծրագրերով և նոր մեթոդիկայով ուղղորդված ուսուցումը:

Բայց, այնուամենայնիվ, կարծում եմ՝ անցկացված դասընթացները դասավանդման նոր մեթոդիկայով զինեցին, համախմբեցին և ոգևորեցին ուսուցիչներին, քանի որ նրանք նոր եռանդով ու նվիրվածությամբ սկսեցին աշխատել: Այդ ընթացքում օր օրի ավելանում էին աշակերտների թիվը, ինչը էլ ուրախացնող հանգամանք էր:

– Եվ ի՞նչ պարզվեց մեկամսյա վերապատրաստման արդյունքում:

-Մեկամսյա վերապատրաստման ընթացքում պարզվեց, որ Ալմելոյի և Ամստերդամի մեկօրյա դպրոցներում ուսուցման և ուսումնառության գործընթացը բարվոք վիճակում էր գտնվում: Ալմելոյի դպրոցում դասավանդում էին 14 ուսուցիչներ, ովքեր տիրապետում էին ուսուցման ավանդական մեթոդներին, հմուտ էին իրենց գործում: Սակայն նոր մեթոդաբանությամբ ինտերակտիվ վերապատրաստման արդյունքում ուսուցիչներն ավելի ակտիվացան, դասերն սկսեցին վարել հետաքրքիր, սովորողներն ակտիվ էին, փորձում էին ինքնուրույն սովորել ու միմյանց սովորեցնել, զարգացան նրանց սովորելու կարողությունները, հմտությունները և հետաքրքրությունը հայոց լեզվի նկատմամբ:

Ալմելոյի դպրոցում գործում էր տարիքային 5 և մեկական հոլանդախոս փոքրերի ու մեծահասակների խումբ՝ 112 սովորող, որոնք ուզում էին հայերեն գրել և կարդալ սովորել, չնայած նրանցից շատերի ծնողները հայերենին ընդհանրապես չէին տիրապետում:

Այդ ընթացքում մեր կողմից կատարվել են դասալսումներ, քննարկումներ, խորհրդատվություններ, անց­կացվել են բաց դասեր՝ արդի մեթոդների գործնական կիրառմամբ:

– Ալմելոյում և Ամստերդամում ի՞նչ խմբերի հետ էիք աշխատում:

– Ալմելոյի դպրոցն ուներ աշակերտների հինգ տարիքային խումբ, որոնցում սովորում էին և՛ արևելահայեր, և՛ արևմտահայեր: Քանի որ խմբերում առկա էին գրական երկու լեզվով խոսող սաներ, ուստի միևնույն դասին պարտադիր երկու ուսուցիչ էր աշխատում նրանց հետ՝ արևելահայերենին և արևմտահայերենին տիրապետող ուսուցիչները: Այդ մոտեցումը շատ օգտակար էր: Հայերենի երկու ճյուղին տիրապետող մասնագետները համախոհ էին, այս առումով որևէ դժգոհություն չնկատեցի: Ունեին նաև հոլանդախոս մեծահասակների և փոքրերի ևս մեկական խումբ, որոնք նոր էին ուսումնասիրում հայերենը:

Վերապատրաստումները հագեցված էին մեթոդական նորարարական գործընթացներին համահունչ դասերով, քննարկումներով, որի արդյունքում գործնականի ու տեսականի հետաքրքիր համադրությամբ գոհացուցիչ արդյունք ունեցանք:

Դպրոցի տնօրեն Սվետլանա Անդրեսյանը, քաղաքի հայ համայնքի նախագահ Օնիկ Գելեջին և եկեղեցու երիտասարդ ու հայրենասեր քահանա տեր Մաշտոցը հոգացել էին մեր՝ այնտեղ գտնվելու և դասերն արդյունավետ կազմակերպելու բոլոր կարիքները:

Վերապատրաստման դասընթացներին մասնակցել են նաև համայնքի տարբեր անդամներ, և այն ուսուցիչները, ովքեր նախկինում աշխատել էին դպրոցում: Մեծահասակների խմբում ընդգրկված էին մինչև 60 տարեկան համայնքի անդամներ: Այս խումբը արդեն նախորդ ուստարում սովորել էր գրել-կարդալ, և կրկին եկել էին դասերի՝ ավելի խոր գիտելիքներ ստանալու: Նրանց խմբի հետ մեր կողմից իրականացվեցին հայագիտական դասախոսություններ և այլ նպատակաուղղված աշխատանքներ:

Ի դեպ, բոլոր ուսուցիչները մեծ սիրով էին մասնակցում դասերին: Մենք զարմացած էինք նրանց հայրենասիրական մղումներից, քանի որ նրանք իրենց աշխատանքից դուրս, երբեմն՝ ուրիշ քաղաքներից, գալիս էին դպրոց և աշխատում էին անվճար:

Մեկ օր էլ աշխատեցի Ալմելոյի հայկական դպրոցի աշակերտների համար: Նկատեցի, որ նրանք հայերեն սովորում են միայն դպրոցում: Ցավալի է, որ ընտանիքում ծնողները ո´չ միշտ են օգնում իրենց երեխաներին՝ ամրապնդել այն, ինչ սովորել են դպրոցում (պատճառը կամ հայերեն չիմանալն էր, կամ զբաղվածությունը): Վերջինս էլ պատճառ է դառնում, որ նրանք կամաց-կամաց հեռանան իրենց արմատներից: Կարծում եմ՝ ծնողներն այս հարցում պետք է սրտացավ լինեն: Առհասարակ, մեր ուշադրության կենտրոնում հոլանդերեն խոսող այն երեխաներն էին, որոնք թեև ծնվել էին Հոլանդիայում, սակայն որոշել էին հայերեն գրել և կարդալ սովորել՝ արմատներին վերադառնալու նպատակով:

Իսկ Ամստերդամի «Սուրբ Գրիգոր Նարեկացի» դպրոցում շենքային պայմանները լավ էին, սակայն համապատասպան ծրագրերի ու դասագրքերի խնդիր կար, որը կարծում եմ՝ ժամանակի ընթացքում լուծում կստանա:

Դպրոցի տնօրեն Վահան Ավագյանը բազմաթիվ մտահղացումներ ուներ, որոնց լուծումը քայլ առ քայլ իրականացնում էր՝ օգտագործելով տեղի հայ համայնքի բարեհաճությունից:

Մի քանի խմբում դասալսումներ կատարեցինք, քննարկումներ և մեթոդական օգնություն տվեցինք, ապա ուսուցիչների համար մեկօրյա վերապատրաստում և դասախոսություն անցկացնելուց հետո, կրկին վերադարձանք Ալմելո:

– Բացի վերապատրաստման դասընթացներից, այլ նախաձեռնություններով հանդես եկա՞ք:

– Մեր, դպրոցի տնօրենի և ուսուցիչների ջանքերով Ալմելոյում կազմակերպվեց երկու միջոցառում՝ նվիրված ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին և Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակին: Այս միջոցառումների կազմակերպման գործում Արման Մալոյանն էր հատկապես ծանրաբեռնված:

Պետք է ասել, որ անուրանալի է Ալմելոյի հայկական եկեղեցու հոգևորականների տեր Մաշտոցի, տեր Արմենի ջանքերը՝ համայնքային կյանքը ծաղկուն պահելու և տեղի հայերին եկեղեցու շուրջ համախմբելու ուղղությամբ:

Իսկ հայ երեխաներին հայեցի կրթություն և դաստիարակություն տալու գործում մեծ դերակատարում ունեն դպրոցի տնօրեն Սվետլանա Անդրեսյանը և ուսուցիչները, ովքեր այնքա՜ն մեծ նվիրումով ու հոգատարությամբ էին աշխատում, որ գնահատանքի են արժանի:

–Տիկի՛ն Թովմասյան, համագործակցության հետագա զարգացում սպասվու՞մ է, քննարկումներ եղե՞լ են այս ուղղությամբ:

– Այո՛: Ալմելոյի համայնքի նախագահ Օնիկ Գելեջիի հետ պայմանավորվածություն ձեռք բերեցինք` երկու տարին մեկ այդպիսի վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու ուղղությամբ: Միգուցե այդ ժամանակ դպրոցի շենքն արդեն կառուցված կլինի, (այսօր դասերն անցկացնում են եկեղեցում), և մենք կկարողանանք նոր, ավելի հարմարավետ պայմաններում հանդիպումներ կազմակերպել և զինել ուսուցիչներին նորվի դասավանդման կարողություններով և հմտություններով:

Ամփոփելով՝ ասեմ, որ առաջիկա վերապատրաստումների ընթացքում սփյուռքի և ԿԳ նախարարությունների նպատակը պետք է լինի ավելի շատ գործիմաց և արհեստավարժ մասնագետներ գործուղել, տեղերում գնահատել կարիքը և համապատասխան առաջարկների հիման վրա լուծումներ տալ օրեցօր արմատներից հեռացող մեր հայրենակիցներին հայեցի կրթելու ու դաստիարակելու գործում:

Զրուցեց Գևորգ Չիչյանը, Հայերն այսօր


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia