top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Տիգրան Բալայանը նշանակվել է Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպան



ԱԳՆ նախկին խոսնակ Տիգրան Բալայանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: Մեկ այլ հրամանագրով Տիգրան Բալայանը համատեղության կարգով նշանակվել է Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ:

Ավելի վաղ Տիգրան Բալայանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ եզրագծին է մոտեցել Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակի իր տասնամյա ծառայությունը: Բալայանը շնորհակալություն է հայտնել իր գործընկերներին և ղեկավարներին: Ներկայացնում ենք գրառումից հատված՝

«Հարգելի գործընկերներ, լրատվամիջոցների հարգարժան աշխատակիցներ, եզրագծին մոտեցավ Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակի իմ տասնամյա ծառայությունը։21-ամյա դիվանագիտական գործունեությանս գրեթե ողջ ընթացքում առնչություն եմ ունեցել լրատվամիջոցների հետ աշխատանքին, ավելին` մամուլի ներկայացուցիչների հետ աշխատանքը եղել է իմ անմիջական պարտականությունը։

2008թ. փետրվարին ԱԳՆ խոսնակի պարտականությունների կատարման ստանձնումը տեղի ունեցավ շատ անսպասելի, Հայաստանի համար շատ ծանր ժամանակահատվածում, հանգամանքների բերումով, քանի որ նախագահական ընտրություններից հետո ԱԳՆ նախորդ խոսնակի՝ Վլադիմիր Կարապետյանի (ում առաջարկով Բրյուսելից վերադառնալիս վերադարձա Մամուլի և տեղեկատվության վարչություն) աշխատանքից ազատումից հետո, Մամուլի վարչությունում ավագությամբ հաջորդ դիվանագետը ես էի։ Ծրագրվում էր, որ խոսնակի պարտականությունները կատարելու եմ երկու ամիս. դա տևեց տասը տարուց ավելի։Այս տարիների ընթացքում եղել են և շատ լարված ժամանակահատվածներ, և համեմատաբար թեթև օրեր։

Հետադարձ հայացք գցելով՝ աչքերիս առաջ անցնում են կտրած ճանապարհների տասնյակ հազարավոր կիլոմետրերը, վեց մայրցամաքները, անհաշիվ երկրներն ու քաղաքները, օդանավակայաններն ու կայարանները, հյուրանոցներն ու նախագահական պալատներն ու արտգործնախարարությունները, համաժողովներն ու ամենաարժեքավոր կապիտալը, որ կուտակել եմ՝ մարդիկ, ում հետ հնարավորություն է եղել ծանոթանալ, շփվել, լսել ու սովորել։

0 comments
bottom of page