Search

Վարչապետ. Պատրաստ ենք Հայաստանում ռուսական կապիտալի համար ստեղծել հարմարավետ պայմաններ



Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առևտրաշրջանառությունը 2017-ին աճել է 26.1 տոկոսով: Այս մասին նշվել է այսօր՝ փետրվարի 20-ին, ՀՀ եւ ՌԴ միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 18-րդ նիստի ժամանակ:

Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի եւ ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորությամբ ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ եւ ՌԴ միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 18-րդ նիստը:

Վարչապետ Կարապետյանը գոհունակությամբ ընդգծել է, որ այն, ինչ նախանշվել էր 2017 թվականի համար՝ գործնականում իրականացվել է: «Ունենք աճ՝ բոլոր ցուցանիշներով: Մաքսիմ Սոկոլովի հետ առանձնազրույցում նախանշել ենք հնարավոր զարգացման բոլոր կետերը եւ մեր հարաբերությունների դիվերսիֆիկացման ուղիները: Մեր տվյալներով՝ 2017-ի ընթացքում հայ-ռուսական առեւտրաշրջանառությունն աճել է 26,1 տոկոսով, Հայաստանից արտահանումը՝ 44,6 տոկոսով, ներմուծումը՝ 19,1 տոկոսով»,- ասել է Կարեն Կարապետյանը: Անդրադառնալով Հայաստանի տնտեսական ցուցանիշներին՝ վարչապետն ընդգծել է, որ 2017-ին տնտեսական ակտիվությունն աճել է 7,7 տոկոսով, արտաքին առեւտրաշրջանառությունը՝ 26,9, արտահանումը՝ 25,2, ներմուծումը՝ 27,8, ծառայությունների մատուցման ոլորտում աճը կազմել է 14,4 տոկոս, արդյունաբերության աճը՝ 12,6 տոկոս, գնաճը կազմել է 2,6 տոկոս:

«2018-ի հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության աճը կազմել է 10,2 տոկոս, արդյունաբերութան աճը՝ 13,9, շինարարության աճը՝ 19,7, արտաքին առեւտրաշրջանառության աճը՝ 47,6, արտահանման աճը՝ 45,2, ներմուծման աճը՝ 48,9, ծառայությունների մատուցման աճը՝ 15,5 տոկոս: Գտնվում ենք զարգացման լավ թրենդի վրա եւ շահագրգռված ենք, որպեսզի դրան առավելագույնս մասնակցեն մեր ռուսաստանցի բարեկամներն ու գործընկերները»,- նշել է կառավարության ղեկավարը՝ շեշտելով, որ միջկառավարական հանձնաժողովը հայ-ռուսական երկկողմ համագործակցության կարեւորագույն հարթակներից է: Վարչապետը տեղեկացրել է, որ Մաքսիմ Սոկոլովի հետ պայմանավորվել են տարբեր ուղղություններով սահմանել կոնկրետ պատասխանատուների՝ ծրագրերն առաջ մղելու համար: «Այսօր Հայաստանը լինելով ոչ մեծ շուկա՝ կարող է մեր գործընկերներին, ներդրողներին ներգրավել նրանով, որ ԵՏՄ-ի անդամ է, ունի արտոնյալ մուտքեր դեպի 180 միլիոնանոց եվրասիական շուկա: Քննարկման կարեւոր թեմա է եղել Մեղրի ազատ տնտեսական գոտին՝ ԵԱՏՄ-ի եւ Իրանի հետ ազատ առեւտրի մասին համաձայնագրի ստորագրման ծրագրերի համատեքստում: Կարծում եմ, որ այս հարթակը կլինի շատ յուրահատուկ»,- ասել է Կարեն Կարապետյանը՝ կարեւորելով ռուսական կապիտալի մուտքն ազատ տնտեսական գոտի:

Վարչապետի խոսքով՝ պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում բիզնեսի մոտ մեծ հետաքրքրություններ է տեսնում նաեւ շինարարության ոլորտում ծրագրերի իրականացման առումով, մասնավորապես, ճանապարհաշինության, ջրամբարաշինության եւ այլ ուղղություններով: Կարեն Կարապետյանը նշել է, որ ծրագրերի իրականացման մեծ ներուժ է տեսնում ռուս-հայկական ներդրումային հիմնադրամի, Ռուսաստանում ներմուծման փոխնարինման, գյուղտեխնիկայի լիզինգային ծրագրերի շրջանակում:

«Հաշվի առնելով նաեւ ԵՄ-ի հետ GSP+, ԱՄՆ-ի, Կանադայի, Ճապոնիայի, Շվեյցարիայի, Նորվեգիայի հետ GSP առեւտրային համակարգերի հնարավորությունները՝ մենք պատրաստ ենք Հայաստանում ռուսական կապիտալի համար ստեղծել հարմարավետ պայմաններ, որպեսզի վերջինս իր հետաքրքրություններից ելնելով այստեղ գործունեւթյուն ծավալի»,- նշել է Կարեն Կարապետյանը:

Ռուսաստանի տրանսպորտի նախարարը համակարծիք է եղել ՀՀ վարչապետի հետ, որ ԵՏՄ-ին անդամակցելով՝ Հայաստանն ավելի քան 180 միլիոն բնակչություն ունեցող շուկա մուտք գործելու հնարավորություն է ստացել, որի շրջանակում երաշխավորված են ապրանքների ազատ տեղաշարժը, մաքսային հսկողության բացակայությունը, սանիտարական, բուսասանիտարական եւ անասնաբուժական վերահսկողության միասնական կանոնները: «Այդ ամենը Հայաստանի կառավարության կողմից գործադրվող ջանքերի հետ մեկտեղ նախադրյալներ է ստեղծում Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքը մեծացնելու համար, եւ մենք տեսնում ենք ռուսաստանյան կապիտալի հետաքրքրվածությունը: Այսօրվա հանդիպմանը մասնակցում են մեր գործընկերները, ովքեր պլանավորում են զարգացնել իրենց ծրագրերը եւ´ ճանապարհաշինության, եւ´ պետություն-մասնավոր համագործակցության, եւ´ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառներում, մեր համագործակցության բոլոր ոլորտներում: Այդ թվում, իհարկե, մենք առաջին հերթին մեծ պոտենցիալ հետաքրքրություն ենք տեսնում Ձեր նշած ոլորտներում», - նշել է ՌԴ տրանսպորտի նախարարը:

Նիստում նախ ներկայացվել եւ ի գիտություն է ընդունվել ՀՀ եւ ՌԴ միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նախորդ նիստի արձանագրության կատարման վերաբերյալ երկու կողմերի պատասխանատու քարտուղարների հաղորդումը, ապա անցում է կատարվել օրակարգային հարցերին:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia