Search

Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը.Նամակ պատանդին» գիրքը կներկայացվի հայ ընթերցողին



Մանկապատանեկան գրքի երևանյան 14-րդ տոնավաճառի շրջանակում փետրվարի 21-ին, ժամը 15:00 «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կներկայացնի Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի բոլորովին նոր գիրքը, որը ներառում է «Փոքրիկ իշխանը» և «Նամակ պատանդին» ստեղծագործությունները: Ֆրանսերենից թարգմանությունը՝ Շուշանիկ Թամրազյանի: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը: Նշենք, որ և՛ «Նամակ պատանդին» գործի, և՛ «Փոքրիկ իշխանի» առանցքում էլ Անտուան դը Սենտ- Էքզյուպերիի մտերիմ ընկեր, ֆրանսիացի գրող Լեոն Վերթն է՝ առաջին դեպքում որպես անանուն հասցեատեր, երկրորդ դեպքում՝ որպես հեռու և մոտիկ բարեկամը, որին ձոնված է ստեղծագործությունը: Երկու գործերն էլ գրվել են նույն ժամանակահատվածում՝ 1940-1943 թվականներին: «Նամակ պատանդին» լույս է տեսնում 1943 թվականին, Միացյալ Նահանգներում: Նույն թվականին ամերիկյան «Reynal Hitchcock» հրատարակչությունում անգլերեն և ֆրանսերեն տարբերակով լույս է տեսնում «Փոքրիկ իշխանը»՝ հեղինակի ջրանկարներով: Դրանք գրողի ներքին կենսագրության ամենածանր՝ աքսորի տարիներն են: Հիշեցնենք, որ «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը Շուշանիկ Թամրազյանի թարգմանությամբ արդեն իսկ լույս է ընծայել Էքզյուպերիի «Մարդկանց երկիրը» և «Գիշերային թռիչք» ստեղծագործությունները: Հավելենք, որ արդեն ավանդական դարձած և 14-րդ անգամ կազմակերպվող Մանկապատանեկան գրքի երևանյան տոնավաճառը միտում ունի ամրապնդելու գիրք-ընթերցող կապը, հանրությանը ծանոթացնելու հայաստանյան հրատարակիչների վերջին տարիների լավագույն հրատարակություններին: Այս ինքնատիպ մշակութային իրադարձությունը նպատակ ունի սեր և հետաքրքրություն սերմանել գրքի ու ընթերցանության նկատմամբ մանուկների, պատանիների շրջանում:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia