Search

Սուրբ Վարդանանց տոն



Մեծ պահքին նախորդող հինգշաբթի օրը, ըստ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու տոնացույցի, Վարդանանց սուրբ նահատակների հիշատակի օրն է: Այսօր Սուրբ Վարդանանց տոնն է, սա առիթ է մեզ համար կրկին վերադառնալու մեր արմատներին:

451 թվականի մայիսին, Ավարայրի ճակատամարտում, հայրենիքի, հայ եկեղեցու եւ քրիստոնեական հավատի պահպանման համար նահատակված Վարդանանց զորավարներն ու 1036 մարտիրոսները Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու մեծագույն սրբերից են: Իրենց նահատակությամբ նրանք հաստատեցին հայ ժողովրդի ապրելու կամքը և լինելիության իրավունքը: Հայաստանում քրիստոնեություն ընդունելուց ի վեր Հայ եկեղեցին սերտորեն կապված է եղել հայրենիքի պաշտպանության գործին: Դրա վառ օրինակը Վարդանանց պատերազմն է: Մարտից առաջ հայ հոգևորականները ոչ միայն քաջալերում էին զորքին մակաբայեցիների օրինակով, այլև մկրտության և Սբ. Պատարագի խորհրդով առավել ամրապնդում էին նվիրյալների հավատն ու ոգին: «Եվ սեղան կանգնեցնելով` ամենասուրբ խորհուրդը կատարեցին, պատրաստեցին նաև ավազան, և եթե զորքի բազմության մեջ չմկրտված մարդ կար, ամբողջ գիշերը մկրտեցին. Եվ առավոտյան Սբ. հաղորդություն ընդունեցին», - գրում է Եղիշե պատմիչը Վարդանանց պատերազմից առաջ կատարվածի մասին: Մենք հայ ենք, բայց հաճախ ինքներս էլ չենք գիտակցում, թե որքան վսեմ, առաքինի ու հերոսական շունչ կա հայի ինքնության մեջ:Վարդանանց տոնին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում և հայկական բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սբ. Պատարագ:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia