Search

Ինքնակազմակերպման ուղիները սկսնակ դոկտորանտների համար



Բոլորի համար գուցե ոչ, բայց գիտական ոլորտում բոլորի զարգացման ճանապարհը հարթողների` դոկտորանտների համար առաջին անգամ ստեղծվեց «Դոկտորանտուրա» ուսումնական ձեռնարկը։ Ինչպես շնորհանդեսի ժամանակ նշել էր գրքի համահեղինակ Ատոմ Մխիթարյանը,- «Ձեռնարկի նպատակն է սկսնակ դոկտորանտներին ուսուցանել, թե ինչպես ձեռք բերել ինքնակազմակերպման նոր մակարդակ, կանխարգելել դոկտորանտական կրթության ձախողման ռիսկերը՝ լինելով ստեղծարար և շահագրգիռ»: Անկասկած բոլոր սկսնակ դոկտորանտները բախվել են այն խնդրին, երբ անհրաժեշտություն է եղել տեղին և ժամանակին ուղղորդվել ցանկալի ու մրցունակ գիտակրթական վերջնարդյունքների ձեռքբերման նպատակով, սակայն համապատասխան որևէ ձեռնարկ գրադարաններում այդպես էլ չեն գտել։ Ի ուրախություն բոլորի իրականացվեց նախաձեռնությունը, որն իսկապես, ողջունելի է, քանի որ թեման արդիական է : Ինչպես նշել է Հեղինե Մանասյանը, - Ոլորտը քիչ է ուսումնասիրված, ինչն էլ ավելի է արժևորում տվյալ աշխատությունը»։ Բարձրագույն կրթության երրորդ աստիճանի կազմակերպման հիմունքներն ուսումնասիրող «Դոկտորանտուրա» գրքի հեղինակներն են ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետ, բան. գիտ. դոկտոր Սերգո Երիցյանը, տնտեսագիտ. դոկտոր, պրոֆեսոր Արմեն Ճուղուրյանն ու Բարձրագույն որակավորման հանձնաժողովի փոխնախագահ Ատոմ Մխիթարյանը: Գիրքը բաղկացած է 5 գլուխներից, որոնց մեջ արծարծվում են ոչ միայն տեսական ու գործնական գիտելիքներ, այլև պատմական անդրադարձ կա դոկտորանտուրայի արդի խնդիրներին, ծագմանն ու զարգացման փուլերին: Գրքի հրատարակման նպատակն ու կառուցվածքային առանձնահատկությունները ներկայացրեց գրքի համահեղինակ Ատոմ Մխիթարյանը և շեշտեց, որ աշխատության մեջ ներկայացված են դոկտորանտուրայի կազմակերպման հիմունքներն ու դրանց զարգացման ուղղությունները՝ ելնելով Բոլոնիայի գործընթացի պահանջներից և բարձրագույն կրթության երրորդ աստիճանում իրականացվող ուսումնահետազոտական աշխատանքների առանձնահատկություններից: Հեղինակները վստահ են, որ ձեռնարկն իր գործուն աջակցությունը կունենա դոկտորանտուրայում ուսանողների կազմակերպչական վարքի բարելավման, ինչպես նաև նրանց արդյունավետ գիտահետազոտական, ուսումնառության գործընթացների ինքնակառավարման վրա, որն, ի վերջո, շրջանավարտներին տեղին և ժամանակին կուղղորդի ցանկալի ու մրցունակ գիտակրթական վերջնարդյունքների ձեռքբերմանը։


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia