Search

2018 թվականին ժողովուրդը հավատաց, թե Նիկոլը բարձրացրել է ինքնիշխանության դրոշը. Մինասյան


Միայն 2.5 տարի անց բոլորը պիտի հասկանային. Նիկոլն ինքնիշխանության դրոշը չպարզեց, այլ 2.5 տարի երկիրը հետեւողականորեն հանձնեց նախ՝ օտարերկրյա գործակալներին, իսկ վերջում՝ ուղիղ կառավարման։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«2018 թվականին ժողովուրդը հավատաց, թե Նիկոլը բարձրացրել է ինքնիշխանության դրոշը։

Ընդ որում, մեզ ներշնչել էին, որ ունենք ինքնիշխանության խնդիր։ Ու դրա վերադարձման ճանապարհին որպես աղոթք հնչում էին երկու կախարդական բառ՝ «դուխով» եւ «հպարտ»։ Ու բոլորին թվում էր՝ ահա եկավ վերջապես այն ժամը, երբ հայերը որոշեցին ու արեցին. փոխեցին իշխանությունը, բերեցին նրան, ով իրենցից էր, իրենց ծոցից, իրենց աչքի առաջ մեծացած, իրենց նմանությամբ, իրենց հայրն ու որդին, իրենց տերն ու ծառան։

Միայն 2.5 տարի անց բոլորը պիտի հասկանային. Նիկոլն ինքնիշխանության դրոշը չպարզեց, այլ 2.5 տարի երկիրը հետեւողականորեն հանձնեց նախ՝ օտարերկրյա գործակալներին, իսկ վերջում՝ ուղիղ կառավարման։ 2.5 տարվա ընթացքում սորոսականները շատ արագ մտան կառավարման համակարգ, իրենց Նիկոլով վերցրին կենսագործունեության բոլոր բջիջները, կալանեցին առողջ միտքը, բոլորին դրեցին ցանցային փուչիկի մեջ, որտեղ կարեւոր չէր կարծիքի բովանդակությունը, կարեւոր էր դրա առատությունը։

Նրանք հետեւողականորեն քանդեցին ամեն ինչ։ Ու քանի որ ունեին 30 տարվա մշակած պրոպագանդիստական համակարգեր, ապա կարող էին ցանկացած որոշում փաթեթավորել այնպես, որ որեւէ դիմադրության չհանդիպեր։ Նրանք օրեցօր, ժամ առ ժամ ոչնչացնում էին Հայաստան պետության պաշտպանական բոլոր համակարգերը։

«Հեղափոխական» բառապաշարը եւ երեւույթների ընկալումը շատ արագ պարտադրվեց ֆեյսբուհայությանը։ Ով չէր հայհոյում՝ դավաճան էր, ով կասկածում էր՝ նախկին, ով ընդդիմանում էր՝ հանցագործ։ Ցանցերից դուրս՝ իրական Հայաստանում, կոռուպցիայի անվան տակ սկսվեց կարող ուժերի իսկական տեռոր։ ԱԱԾ-ն, ՀՔԾ-ն, ոստիկանությունը որեւէ սահմանափակում չունեին։ Որեւէ կարմիր գիծ չկար։

Պետությունն անցել էր գործակալների ուղիղ կառավարման ներքո, որտեղ խեղկատակ վիժվածքը կարող էր արդարացնել ամեն ինչ, կարող էր ուղիղ նայել մարդկանց աչքերին ու ստել։ Նրան ամեն ինչ ներվում էր։ Նա կարող էր ինքն իրեն հերքել ու չամաչել։ Ու ամեն ինչ աշխատեց։ Նիկոլը վերացնում էր խանգարողներին, իսկ ֆեյսբուհայությունը կործանում էր պետությունը։ Որովհետեւ բոլորին ներշնչել էին՝ ժողովուրդն ավելի կարեւոր էր, քան պետությունը։

2.5 տարի անց, երբ գործն արված է, արդյունքում չունենք ո՛չ ժողովուրդ, ո՛չ պետություն։ Իսկ ինքնիշխանությունը ուղղակի վերացրեց։

Այդ ընթացքում մեր դաշնակիցը բնականորեն արձագանքեց տեղ ունեցածին։ Քանի որ շատ լավ հասկանում էր, որ իրական նպատակն իր անվտագությունն է, արեց մեր պետության անտերությունից ու կառավարիչների անողնաշարությունից բխող շատ տրամաբանական քայլ. որդեգրեց նրան, ում որդեգրել էր ժողովուրդը։ Արդյունքում եւ՛ Արեւմուտքը, եւ՛ Արեւելքը հարգեցին ժողովրդավարության բարձր չափանիշներն ու ձեռքբերումները եւ չգնացին հայ ժողովրդի կամքին հակառակ (եւ շարունակում են հարգել առ այսօր, յուրաքանչյուրը՝ ըստ իր շահի)։

Հայ ժողովուրդն ընտրեց դահիճին ու սեփական պետության ոչնչացման ուղին։ Աշխարհը չի խանգարում այս որոշմանը, որի արդյունքում Հայաստանի 3-րդ Հանրապետությունը դե ֆակտո դադարում է գոյություն ունենալ։

Այսօր Հայաստանը, միջազգային իրավունքի սուբյեկտից վերածվել է օբյեկտի։ Այսօր առանց մեր մասնակցության որոշվում է Հայաստանի, կրկնում եմ՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Առանց Հայաստանի մասնակցության որոշվում է գերեվարված քաղաքացիների ճակատագիրը։ Առանց Հայաստանի մասնակցության որոշվում է երկրի լինել-չլինելը։ Եթե լինելը, ապա՝ ինչպիսին։

Սա էինք ուզո՞ւմ։ Սա էլ ստացանք։ Ու բոլորը հարգում են մեր ընտրությունը։ Բոլորը քաղաքավարի չեն խանգարում մեր «ինքնասպանությանը»։ Բոլորը հարգում են հայ ժողովրդի կամարտահայտությունը։

Այսքանը։ Իսկ եթե «դուխով հպարտներից» որեւէ մեկը համարձակվի կրկին ծպտուն հանել ինքնիշխանության մասին, ցուցադրեք նրան ցանկացած լուսանկար այսօրվա Արցախից։ Այնտեղ կա երեք երկրի դրոշ, որոնցից ոչ մեկը հայկական չէ։ Այնտեղ կա երեք երկրի բանակ՝ ռուսական, թուրքական, եւ ադրբեջանական։ Այս փաստը շատերը չեն ցանկանում նկատել։ Իսկ ինքնիշխանության մասին ավանդաբար բղավողները նախընտրում են լռել։

Ուղիղ 100 տարի առաջ այս օրը հայ ժողովրդին «պարտադրվեց» խորհրդայնացումը։ Դրա պատճառով փրկվեցինք։ Իսկ այսօր՝ 100 տարի անց, անցյալի դասերը հաշվի առնելով, բոլորը «հարգում են» ինքնիշխանության վերաբերյալ հայ ժողովրդի յուրօրինակ ընկալումը՝ թողնելով ժողովրդին դեմ առ դեմ իր ինքնաոչնչացնող ընտրության հետ։

Հ.Գ. Նկարում էտրուսկյան դամբարանից որմնանկար է։ Այդպես էլ կոչվում է «Մտրակման որմնանկար»։ Մինչեւ հիմա գիտնականները փորձում են հասկանալ՝ սա սիրո թե պատժի տեսարան է»։

Բորիս Ջոնսոնը ցանկանում է նոր առևտրային գործարք կնքել ԱՄՆ-ի հետ

Գիտական բացառիկ լավ լուր. Արմեն Մուրադյան

Մակունցն ամերիկյան ազդեցության գործակալ էր. Աշոտյան

33 անհետ կորած երեխա է հայտնաբերվել թրաֆիքինգի դեմ պայքարի հատուկ գործողության ընթացքում

Արամ Ա Կաթողիկոսը շնորհավորել է ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենին

ՄԻՊ-ը հայատյացության փաստեր է ներկայացրել

Բավականին ուշագրավ նուանսներ կան այստեղ, որոնք պետք է մանրազնին վերլուծվեն. Ռազմագետ

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: