Բողոք-ավտոերթ Երևանում

Աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծման արգելքի որոշումը հասարակության շրջանում նոր դժգոհություններ առաջացրեց: Ստեղծվեց «Աջ ղեկ» նախաձեռնությունը, որի անդամները որոշեցին իրենց բողոքն արտահայտել ավտոերթով:
Ինչպես հայտնում է նախաձեռնության համակարգող Գեւորգ Աճեմյանը, նրանք որոշեցին դեկտեմբերի 22-ին սկսել իրենց բողոք-ավտոերթը: Ավտոերթով շարժվելու են դեպի Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն:
«Նախնական տեղեկություններով, նախարար Վահան Մարտիրոսյանն արդեն պատրաստակամություն է հայտնել հանդիպել «Աջ ղեկ» նախաձեռնության համակարգող թիմի հետ: Մենք կներկայացնենք մեր մտահոգությունները, եւ մեր առաջարկությունների մասին կխոսենք այն ժամանակ, երբ կփարատվեն մեր մտահոգությունները: Առաջարկները կլինեն, երբ նախագիծը չեղարկվի կամ հետ կանչվի»,-ասաց Գեւորգ Աճեմյանը:
Հարկ է նշել, որ, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը ներկայացրել է մի նախագիծ, որով առաջարկում է փոփոխություն կատարել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում: Ըստ որի` 2018թ.-ի ապրիլի 1-ից վերահաշվառումն արգելվելու է: Այսինքն` մարդը եթե աջ ղեկով մեքենա ունի, ապրիլի 1-ից հետո այն չի կարող վաճառել: Անգամ նվիրելու դեպքում իրավունք չկա այն վերանվանելու:
Իսկ բողոք-ակցիայի անդամները համաձայն չենվերոնշյալ փոփոխությանը: Նրանք ասում են, որ ավտոմեքենան մարդու սեփականությունն է, ուստի ինչպես ցանկանա, այնպես էլ կտնօրինի այն:
Իսկ այն հարցին, թե նրանք ինչ առաջարկութոյւններ ունեն, Գեւորգ Աճեմյանը պատասխանեց.
«Օրինակ, եթե դուք արգելում եք աջ ղեկով մեքենա ներկրել, ապա այն վարորդները, որոնք ներկայում ունեն աջ ղեկով մեքենաներ, ապա գոնե նրանք պետք է ձախ ղեկով մեքենա ներկրելիս ազատվեն մաքսատուրքից: Բայց այս առաջարկները դեռ պետք է հղկվեն: Երբ կչեղարկվի այս նախագիծը, կարելի է խումբ ստեղծել, որտեղ կլինեն նաեւ մեր ներկայացուցիչները եւ նոր նախագիծ մշակել»:




Comments