Աշխարհի 50 լավագույն հեքիաթները` մեկ ժողովածուում

Դեկտեմբերի 23-ին, ժամը 15:00, Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի կունենա «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» ժողովածուի բոլորովին նոր հրատարակության շնորհանդեսը: «Էդիթ Պրինտ» հրատարակչության լույս ընծայած գրքում ներառված են հեքիաթներ, որոնցից շատերը թարգմանվել են հայերեն առաջին անգամ:
«Ուսումնասիրել ենք 5000-6000 տարաբնույթ հեքիաթներ: Ցանկանում էինք ստեղծել հեքիաթների մի հավաքածու, որտեղ կներառվեին շատ լավ և իմաստալից հեքիաթներ: Պետք էր, որ հեքիաթները կարճ լինեին՝ ընդամենը մի քանի էջ, որպեսզի երեխաներն արագ կարողանային ընթերցել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօրվա սերունդը սովոր է ինֆորմացիայի արագ մատուցմանը: Ի վերջո բազում հեքիաթներից ընտրվեց 50-ը»,-նշում է գրքի կազմող Շավարշ Կարապետյանը:
Գրքում ներկայացված հեքիաթները ներառում են դարերից եկած, ժողովուրդների կենսափորձով հաստատված և այժմ էլ արդիական ճշմարտություններ ու արժեքներ: Այս հեքիաթներից յուրաքանչյուրը մի ուրույն աշխարհ է, որի բացահայտումը հնարավորություն է տալիս հայտնաբերել իմաստնության նոր շերտեր կամ վերահաստատել դրանք, վերագտնել մեր մեջ հեքիաթը: Ուսուցանելով մարդկային այնպիսի առաքինություններ, ինչպիսիք են աշխատասիրությունը, արժանապատվությունը, ազնվությունը, հավատարմությունը, կամեցողությունը, հաստատակամությունը, հարգանքը մեծերի հանդեպ և այլն՝ հեքիաթները ոչ միայն կարևորում են դրանք, այլև ցույց են տալիս դրանցով ապրելու, պայքարելու, արարելու և հիմնավոր հաջողության հասնելու ուղիները: Ժողովածուի նոր հրատարակությունն ընթերցողին է ներկայանում նորովի` նոր նկարազարդումներ եւ ձեւավորում, նոր իմաստուն հեքիաթներ...
«Ժողովածուի հաջողությամբ պայմանավորված` այն վերահրատարակում ենք: Եթե նախկինում այն բաղկացած էր 40 հեքիաթից, ապա այս հրատարակությունը ներառում է 50 հեքիաթ: Ֆանտաստիկ հեքիաթներ են, ամեն հեքիաթը դարերի բովով անցած մի ամբողջ ժողովրդի իմաստության շտեմարան է: Եվ կարծում եմ, որ այս հեքիաթները ոչ միայն արդիական ու կարևոր երեխաների, այլև այլ տարիքի մարդկանց համար»,-հավելում է Շավարշ Կարապետյանը:
Նշենք, որ գրքի նկարիչ-ձևավորողն է Արաբո Սարգսյանը: