Search

«Արցախը ԽՍՀՄ-ից անկախացել և հռչակել է իր անկախությունը նույն իրավական հիմքերով, ինչ Հայաստանը և Լիտվ


«Արցախը ԽՍՀՄ-ից անկախացել և հռչակել է իր անկախությունը նույն իրավական հիմքերով, ինչ Հայաստանը եւ Լիտվան». Էդուարդ Շարմազանովը` Լիտվայի դեսպանին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 6-ին ընդունել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին:

Ողջունելով դեսպանին ՀՀ Ազգային ժողովում՝ Էդուարդ Շարմազանովը փաստել է, որ Լիտվան առաջին երկիրն է, որը ճանաչել է ՀՀ անկախությունը, և միակը Մերձբալթյան երկրներից, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: ՀՀ ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել հայ-լիտվական երկկողմ հարաբերություները եւ նշել, որ առաջիկայում պատրաստվում է պաշտոնական այցով այցելել Լիտվա: Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է նոյեմբերի 24-ին Հայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ արձանագրելով, որ Հայաստանը միակ երկիրն է, որն անդամակցում է ԵԱՏՄ-ին և համաձայնագիր ստորագրում Եվրոպական միության հետ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի խոսքով՝ Հայաստանը կարող է հուսալի կամուրջ դառնալ ԵԱՏՄ եւ ԵՄ անդամ երկրների միջև: Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող ինստիտուցիոնալ բարեփոխումներին, ժողովրդավարության զարգացմանը և կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցերին: Անդրադառնալով Արցախի հիմնախնդրին՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը նշել է. «Արցախը երբեք Ադրբեջանի մաս չի կազմել՝ հանրաքվեով անկախանալով ԽՍՀՄ փլուզումից առաջ: Արցախն անկախ լինելու նույնքան իրավունք ունի, որքան Հայաստանը և Լիտվան, քանի որ ԽՍՀՄ-ից անջատվել և անկախություն է հռչակել նույն իրավական հիմքերով»: ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը շնորհավորել է Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրման կապակցությամբ և Լիտվա-Հայաստան հարաբերությունները որակել օրինակելի: Պարոն Պետրիկասը նշել է, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ միակ երկիրն է, որի հետ Լիտվան մեծացրել է արտահանման ծավալները: Դեսպանի խոսքով՝ թեև մեծ չեն ապրանքաշրջանառության ցուցանիշները, սակայն մեծ է թե ներուժը, թե համագործակցելու ցանկությունը: Էրիկաս Պետրիկասն անդրադարձել է տնտեսության, մշակույթի, կրթության բնագավառներում հայ-լիտվական համագործակցության ձեռքբերումներին և ուրախությամբ նշել, որ Լիտվան Արևելյան գործընկերության անդամ երկրների շարքում մեծ տեղ է հատկացնում հենց Հայաստանի հետ հարաբերությունների խորացմանը: Դեսպանն ուրախությամբ է անդրադարձել Հայաստանում լիտվական համայնքի ստեղծմանը:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia