Search

Նախագահն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ նորանշանակ հատուկ ներկայացուց


Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանրապետության Նախագահը շնորհավորել է ԵՄ հատուկ ներկայացուցչին այդ պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նշելով, թե ուրախ է, որ այս կարևոր առաքելությունը վերստին վստահվել է փորձառու դիվանագետի: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Տոյվո Կլաարի գործունեությունն իր դրական նպաստը կբերի ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, այլ նաև նոր շունչ կհաղորդի Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին: Նշելով, որ ԵՄ նախորդ հատուկ ներկայացուցչի՝ Հերբերտ Զալբերի հետ հաջողվել էր հաստատել աշխատանքային լավ մթնոլորտ և անցկացնել անկեղծ ու բաց քննարկումներ՝ Հանրապետության Նախագահը վստահություն է հայտնել, որ նոր հատուկ ներկայացուցչի հետ ևս աշխատանքը կընթանա նույն ոգով: ԵՄ հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ իր առաքելության նպատակն է աջակցություն ցուցաբերել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը, և ինքն անձամբ ջանք չի խնայի ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին նպաստելու համար: Նշելով, որ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմամբ ԵՄ-ն և Հայաստանը նոր գլուխ են բացում իրենց հարաբերությունների պատմության մեջ՝ Տոյվո Կլաարը հույս է հայտնել, որ ինքը ևս կկարողանա ներդրում ունենալ այդ հարաբերությունների զարգացման և խորացման գործում:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia