Search

Խորհրդարանական լսումներ՝ «Հայաստան-ԵՄ. համապարփակ և ընդլայնված գործընկերություն» խորագրով


ՀՀ Ազգային ժողովում երեկ անցկացվել են խորհրդարանական լսումներ՝ «Հայաստան-ԵՄ. համապարփակ և ընդլայնված գործընկերություն» խորագրով: Լսումները կազմակերպել են ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների, ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովները՝ գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի աջակցությամբ: Լսումներին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության անդամներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, քաղաքագետներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

Ելույթ է ունեցել նաև ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

Ողջունելով լսումների մասնակիցներին՝ նա նշել է, որ «Հայաստան-ԵՄ. համապարփակ և ընդլայնված գործընկերություն» խորագրով լսումների անցկացման առաջնահերթ նպատակներից է հանրության իրազեկումը, որը կարևոր նախապայման է հետագա արդյունավետ աշխատանքի իրականացման համար, քանի որ թե՛ Հայաստանի կառավարության, թե՛ եվրոպացի գործընկերների կարծիքով, համաձայնագրի նպատակն է ավելի բարեկեցիկ և արժանապատիվ դարձնել Հայաստանի քաղաքացիների կյանքը: Հանձնաժողովի նախագահը կարևորել է քաղաքացիական հասարակության ներգրավումը համաձայնագրի դրույթները կյանքի կոչելու գործընթացներում, քանի որ քաղհասարակությունն իր բոլոր կառուցվածքներով հսկայական ներուժ ունի: Լսումների երրորդ և կարևորագույն նպատակը, ըստ Արմեն Աշոտյանի, համաձայնագրի իրականացման նկատմամբ խորհրդարանական վերահսկողության ապահովումն է: Արմեն Աշոտյանի խոսքով՝ խորհրդարանական վերահսկողությունը կառավարությանն աջակցելու կարևորագույն գործիքներից է՝ հնարավորինս արագ և արդյունավետ կյանքի կոչելու համար այն բարեփոխումները, որոնք նախևառաջ ամրագրված են ՀՀ նոր Սահմանադրությամբ: Արմեն Աշոտյանն անդրադարձել է եվրոպական խորհրդարանի հետ առկա համագործակցությանը և նշել, որ համաձայնագիրն այն խորացնելու և զարգացնելու լայն հնարավորություններ է ընձեռում: Նա կարևորել է համաձայնագրի վավերացման հնարավորինս արագ գործընթացի իրականացումը ԵՄ անդամ 28 երկրներում՝ աջակցելով ազգային խորհրդարաններին:

Ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Նա ևս կարևորել է լսումների անցկացումը հանրային իրազեկման տեսանկյունից և ընդգծել, որ հաջողություն կարող են ունենալ միայն այն գործընթացը, ծրագիրը կամ բարեփոխումը, որոնց իրականացման մասն են կազմում ոչ միայն քաղաքական ուժերը, այլ նաև հանրությունը՝ դրանք համարելով իրենը: Համաձայնագրի դրույթների իրականացման առումով հանձնաժողովի նախագահը կարևորել է քաղաքական կամքի առկայությունը, այլապես, ինչպես նշել է նա, այն կմնա դարակում՝ գեղեցիկ փաթեթավորված: «Համաձայնագիրն ինձ համար հաջողության բանալի է՝ տրված Հայաստանին, իսկ թե որքանով մենք կկարողանանք այդ բանալիով բացել և անցնել խորքային, լրջագույն բարեփոխումների, ինչը նախատեսված է յուրաքանչյուր ոլորտում, դա արդեն կախված է մեզանից»,- ասել է Նաիրա Զոհրաբյանը՝ կարևորելով այս հարցում քաղաքական ուժերի հանձնառությունն ու խորհրդարանական վերահսկողության իրականացումը: Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է նաև ընդդիմախոսների տեսակետներին և ընդգծել, որ համաձայնագրում ամրագրված դրույթները՝ ուղղված Եվրամիության հետ քաղաքական և տնտեսական համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը, կամրապնդեն Հայաստանի անվտանգությունը երկարաժամկետ հեռանկարում:

Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի անունից ելույթ է ունեցել «Քաղաքական երկխոսություն. Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրապելը: Նա կարևորել է լսումների անցկացումը և նշել, որ քաղաքական հիմնադրամի հիմնական նպատակը ժողովրդավարության, բարեփոխումների, ինչպես նաև հայ-գերմանական երկկողմ կապերի զարգացման խթանումն է: Արդյունավետ գնահատելով հիմնադրամի տասնամյա գործունեությունը Հայաստանում՝ Թոմաս Շրապելը կարևորել է խորհրդարանական լսումների անցկացումն հանրային իրազեկման տեսանկյունից: Անդրադառնալով ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանն ու ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացմանը՝ նա մասնավորապես նշել է, թե դրանք միմյանց չեն հակադրվում. «ՀՀ-ԵՄ համագործակցությունը նոր հեռանկարներ է բացում Հայաստանի և Եվրամիության քաղաքականության, նրանց ժողովուրդների համար: Հայաստանը կամուրջ է հանդիսանում երկուսի միջև: Մենք մեծ հույսեր ենք կապում այս նոր հեռանկարների հետ: Կարող եմ վստահեցնել, որ հիմնադրամը շարունակելու է աջակցել Հայաստանի Ազգային ժողովին՝ խորացնելու համագործակցությունը»,- ասել է Թոմաս Շրապելը:

Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: Նրա խոսքով՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը խոշոր ձեռքբերում է, որն ուղղված է Հայաստանի և ԵՄ երկրների հարաբերությունների հետագա ընդլայնմանն ու խորացմանը, այն կնպաստի ՀՀ քաղաքական, տնտեսական, ժողովրդավարության և ինստիտուցիոնալ կայունության ամրապնդմանը: Նշվել է, որ մանրամասն քննարկվել է համաձայնագրի շրջանակում ինտեգրացիոն գործընթացների համատեղման հարցը. փաստաթուղթը համատեղելի է ՀՀ ստանձնած բոլոր պարտավորությունների հետ և թույլ է տալիս զարգացնել հարաբերությունները թե՛ ԵԱՏՄ-ի և թե՛ ԵՄ-ի հետ: Վաչե Գաբրիելյանի խոսքով՝ համաձայնագիրը հնարավորություն կտա նաև մերձեցնելու այս երկու կառույցների փոխգործակցության հնարավորությունները: Փոխնախարարը համաձայնագրի ստորագրումը կարևորել է ոչ միայն մարդկային շփումների, այլև ինստիտուցիոնալ կառույցների բարեփոխումներին նոր թափ ու ազդակ հաղորդելու տեսանկյունից: Այն առևտրային համաձայնագիր չէ, սակայն տնտեսական հարաբերությունների բազմաթիվ կանոնակարգումներ առկա են փաստաթղթում:

Վաչե Գաբրիելյանն անդրադարձել է նաև Բրյուսելում նախաստորագրված Հայաստանի՝ եվրոպական միացյալ ավիատարածքին միանալուն վերաբերող համաձայնագրին, որը կարևոր է մեր երկրի հաղորդակցման ուղիների ընդլայնման հնարավորությունների առումով: «Մենք պատրաստ ենք գործակցել այդ ոլորտում»,- ասել է նա:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը ողջույնի խոսքում կարևորել է նմանօրինակ քննարկումները, որոնք լավագույն հնարավորությունն են՝ ծանոթանալու խորհրդարանականների, միջազգային և հայաստանյան փորձագիտական ու վերլուծական կենտրոնների մոտեցումներին: Փոխնախարարն ընդգծել է, որ ԵՄ-ն մեր երկրի քաղաքական և առևտրային հիմնական գործընկերներից է: Նա ներկայացրել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի բանակցային գործընթացի մանրամասները, աշխատանքային խմբերի համակարգման ոլորտները, բանակցային փուլերի ընթացքը՝ ընդգծելով, որ այն մշտապես գտնվել է հանրության, փորձագիտական և դիվանագիտական շրջանակների ուշադրության կենտրոնում:

«Իրապես կարող ենք պնդել, որ արդյունքում ստացել ենք հավակնոտ համաձայնագիր, որի իրականացումը ԵՄ-ի հետ մեր գործընկերության շրջանակն ընդլայնելու կարևորագույն քայլ կհանդիսանա: Ստորագրված համաձայնագիրը բոլորիս համատեղ հաջողությունն է և նպատակաուղղված աշխատանքի արդյունքը»,- ասել է Կարեն Նազարյանը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, կարևորելով համաձայնագրի ստորագրումը, հույս է հայտնել, որ այսօրվա քննարկումը կօգնի խթանելու դրա իրականացումը, քանի որ այն հանգրվանային նշանակություն ունի:

Դեսպանը երախտագիտություն է հայտնել փաստաթղթի պատրաստմանը մասնակցած բոլոր բանակցողներին: Պյոտր Սվիտալսկին նշել է, որ նոր համաձայնագիրը ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի համար է արդյունավետ. այն լավ մոդելային օրինակ է հանդիսանալու ինտեգրման այլ ձևաչափերում մասնակցող գործընկերների համար:

«Կարևորն այն է, որ համաձայնագիրը ներդաշնակ է այլ ձևաչափերում ՀՀ ստանձնած մյուս հանձնառությունների հետ և հույս ունենք, որ համաձայնագրի ներդաշնակեցված բնույթը կօգտագործվի իրականացման փուլում: Այս համաձայնագիրը ներառում է մի շարք նոր հնարավորություններ Հայաստանի, ինչպես նաև ԵՄ-ի համար»,- նշել է Պ. Սվիտալսկին:

Դեսպանը խոսել է նաև հանրային ու խորհրդարանական վերահսկողության բաղադրիչի և համաձայնագրի իրականացման մասին:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն այնուհետև ներկայացրել է համաձայնագրի քաղաքական հարցերը՝ նշելով, որ այն ընդգծում է հավասար գործընկերության վրա հիմնված սերտ և կանոնավոր համագործակցությունը խթանելու, ՀՀ-ի և ԵՄ-ի միջև հարաբերությունների ամրապնդման և բարեփոխման իրականացումը: Համաձայնագրում անդրադարձ է կատարված միջազգային խաղաղության և անվտանգության խթանման հարցերին, համաձայնեցված ձևաչափերով հակամարտությունների խաղաղ կարգավորմանը: Առանձնակի և հստակ անդրադարձ կա ԼՂ հիմնախնդրի խաղաղ և երկարատև կարգավորման հարցին: Համաձայնագիրը վերահաստատում է ԵՄ հայտարարած հանձնառությունը՝ աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ԼՂ հակամարտության հանգուցալուծման ջանքերին ու մոտեցումներին՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, մասնավորապես՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման ու տարածքային ամբողջականության վրա:

Կարեն Նազարյանը հավելել է, որ Հայաստանի հետ մուտքի արտոնագրի վերաբերյալ երկխոսության մեկնարկը, առևտրի և ներդրումների զարգացման մրցունակության խթանման, ինչպես նաև քաղաքացիական հասարակության մասնակցության հարցերը ևս արտացոլված են փաստաթղթում: Որպես բարեփոխումներին ուղղված քայլ՝ անդրադարձ է կատարված ՀՀ օրենսդրությունն աստիճանաբար ԵՄ օրենսդրությանը մոտարկելու մեր երկրի հանձնառությանը: Համաձայնագրում կողմերը վերահաստատում են ազատ շուկայական տնտեսության սկզբունքային, կայուն զարգացման, տարածաշրջանային համագործակցության արդյունավետ համագործակցության հանձնառությունը:

«Այս փաստաթուղթը նոր իրավական փաստաթուղթ չէ, այլ մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների վրա խարսխված այն արժեհամակարգի արտացոլումն է, որը մենք դավանում ենք»,- ընդգծել է Կ.Նազարյանը:

Փոխնախարարը կարևորել է համաձայնագրի իրականացման հարցում յուրաքանչյուրի ներգրավվածությունը:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանն իր խոսքում անդրադարձել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի տնտեսական բաղադրիչին՝ նշելով, որ համաձայնագիրն արտոնյալ առևտրի ռեժիմ չի նախատեսում, բայց ոլորտային և թեմատիկ ծածկույթի առումով ունի անհամեմատ ավելի մեծ և խոր ծածկույթ, քան կա ներկայում ԵՄ-ի հետ գործող համաձայնագրով: Այսուհետ համագործակցությունը լինելու է ապրանքաշրջանառության ոլորտում, որը կանոնակարգվում է հիմնականում Առևտրի համաշխարհային կազմակերպության սկզբունքներով:

Փոխնախարարն անդրադարձել է ԵՄ կողմից Հայաստանին հասանելի աջակցության ծրագրերին և գործիքներին: Նրա խոսքով՝ բյուջետային աջակցությամբ մեր երկրում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր. ամենամեծ հատկացումները եղել են 2016 թվականին: Ըստ փոխնախարարի՝ առաջիկա տարիներին պետք է բանակցել ներդրումների համար, իսկ 2018 թվականի հունվարից գործարկվող նոր համակարգը մեծ հնարավորություններ կընձեռի արտահանողներին՝ դրական նշանակություն ունենալով ՓՄՁ ոլորտի զարգացման համար: Գարեգին Մելքոնյանն անդրադարձել է նաև ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման արդյունքում կիրառվող միասնական աջակցության շրջանակին՝ ոլորտային և գումարային տեսանկյունից:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը, ողջունելով ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը, իր ելույթում անդրադարձել է Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառության ցուցանիշներին՝ ըստ երկրների: Մ. Մելքումյանի կարծիքով՝ պետք է փոփոխությունների ենթարկել մեր տնտեսության կառուցվածքը, որպեսզի նշմարվեն համագործակցության և զարգացման հեռանկարներ:

ԵՄ արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի քարտուղարության գործադիր տնօրեն Հերիքնազ Հարությունյանն անդրադարձել է քաղաքացիական հասարակությանն առնչվող հարցերին, քաղաքացիական հասարակություն-իշխանություն փոխհարաբերություններին: Նա կարևորել է Հայաստանում և ԵՄ տարածքում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև համագործակցության խորացումը, այդ թվում` փորձի փոխանակումը, եվրոպական արժեքների առաջխաղացումը, շահերի պաշտպանության քարոզարշավները: Կարևորվել է ԵՄ-ՀՀ քաղաքացիական հասարակություն երկկողմ պլատֆորմի ստեղծումը: Նրա խոսքով՝ այս գործընթացներում քաղաքացիական հասարակության սուբյեկտ կարող է լինել ԵՄ արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը: Հերիքնազ Հարությունյանը խոսել է նաև լրագրողների և քաղաքացիական հասարակության իրազեկվածության աստիճանի բարձրացման և նրանց ձայնը լսելի դարձնելուն ուղղված քայլերի մասին: Կարևորվել է քաղաքացիական հասարակության դաշտի քարտեզագրումը:

Իրենց ելույթներում ՀՀ ԱԺ պատգամավորները և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն անդրադարձել են համաձայնագրի ստորագրման կարևորությանը, ընձեռած հնարավորություններին, բարեփոխումների իրականացմանը, արտաքին քաղաքական ոլորտում «և-և»-ի քաղաքականության իրականացմանը, համաձայնագիրը կյանքի կոչելու քաղաքական կամքին, կարևորել են փաստաթղթի իրականացման փուլը: Բանախոսների կողմից կարևորվել է Հայաստանի դերը ԵՄ-ԵԱՏՄ հարաբերությունների կայացման գործում, անդրադարձ է կատարվել համաձայնագրի տնտեսական բաղադրիչին և նշվել, որ Հայաստանը պետք է բացի դռները եվրոպական արտադրողների առջև՝ նպաստելով տնտեսության զարգացմանը և ապրանքաշրջանառության աճին:

Ելույթ ունեցողներն անդրադարձել են տնտեսական ցուցանիշներին՝ նշելով, որ տնտեսական համագործակցությունը չի սահմանափակվում միայն առևտրով. համաձայնագիրը հնարավորություն է տալիս ունենալու ներդրումներ՝ ստեղծելով պայմաններ և երաշխիքներ ներդրումների ներգրավման համար:

Բանախոսները նշել են, որ պետք է ուշադրություն դարձնել դրամավարկային քաղաքականության համակարգին և վարկերի արդյունավետ օգտագործմանը: Հայաստանը պետք է կարողանա առավելագույնս օգտվել երկու քաղաքական միություններին անդամակցելուց և մեր երկրում սահմանադրականության մակարդակը սոցիալ-տնտեսական առաջընթացի լավագույն երաշխիքը կարող է լինել:

Անդրադարձ է կատարվել արտահանման ծավալների մեծացմանը՝ ելնելով մեր երկրի ունեցած աշխարհաքաղաքական դիրքից, ինչպես նաև շեշտը դրվել է երկարաժամկետ զարգացման վրա՝ նշելով, որ համաձայնագիրն ունի բազմաթիվ հավելվածներ, որոնք թույլ կտան գնալ ճիշտ ուղղությամբ:

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն իր եզրափակիչ ելույթում շնորհակալություն է հայտնել լսումների մասնակիցներին՝ համաձայնագրի ստորագրումը համարելով կարևոր ճանապարհի առաջին քայլը: Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ թե ինչպես կանցնենք այդ ճանապարհը, մեր խնդիրն է: Ըստ ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է դառնա այս համաձայնագրի շահառու՝ կյանքի կոչելով այն: Նաիրա Զոհրաբյանը կարևորել է ԶԼՄ-ների դերը հանրության իրազեկման հարցում՝ նշելով, որ հասարակությանը պետք է ներկայացվեն համաձայնագրի ընձեռած հնարավորությունները, դրանցից բխող բարեփոխումները: Նրա խոսքով՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը մեր երկրի հաջողության բանալին է. պիտի կարողանանք օգտագործել այն:

Եզրափակիչ ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը հաջողության պատմություն է ՀՀ արտաքին քաղաքական գործընթացներում: Նա նշել է, որ ԵՄ-ից ակնկալվում է «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքի լիակատար իրագործում: Հանձնաժողովի նախագահը կարևոր ձեռքբերում է համարել այն, որ ԼՂ հակամարտության կարգավորմանն առնչվող ձևակերպումը դարձել է ԵՄ-ի հետ ունեցած իրավապայմանագրային բազայի կարևոր մաս: «Ի տարբերություն այլ քաղաքական իրադարձությունների՝ եվրոպական հանրությունը չփորձեց միևնույն նժարի վրա դնել Հայաստանը և Ադրբեջանը»,- նշել է նա:

Օրենսդրության ներդաշնակեցման գործընթացում Արմեն Աշոտյանը կարևորել է խորհրդարանի ակտիվ դերակատարությունը, համաձայնագրի դրույթների կյանքի կոչման հարցում օրենսդիր և գործադիր իշխանության, ընդդիմության և իշխանությունների, կառավարության և քաղաքացիական հասարակության համախմբված աշխատանքը:

«Իրականություն կդարձնենք եվրասիական տարածքում եվրոպական պետություն ունենալու մեր տեսլականը»,- եզրափակել է խոսքը Արմեն Աշոտյանը:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia