Search

Արդարադատության մակարդակը հաճախ չափվում և գնահատվում է համեմատության մեջ



Նախագահը մասնակցել է Հատուկ քննչական ծառայության կազմավորման 10-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին.

Արդարադատության մակարդակը հաճախ չափվում և գնահատվում է համեմատության մեջ: Շարքային քաղաքացին, համենայն դեպս, այդպես է վարվում: Եթե մարդը տեսնում է, որ չարաշահումներին տրվում է համարժեք արձագանք, ապա հասկանում է, որ պետական մարմիններն իրենց տեղում են: Իսկ երբ նա նկատում է, որ նման երևույթներն անհետևանք են մնում կամ դրանց նկատմամբ դրսևորվում է տարբերակված մոտեցում, ապա անմիջապես արձանագրում է անարդարության փաստը,- իր ելույթում նշել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ Հատուկ քննչական ծառայության կազմավորման 10-ամյակին նվիրված հանդիսավոր նիստում :


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Հատուկ քննչական ծառայության կազմավորման 10-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին, որը վարել է ծառայության պետ Վահրամ Շահինյանը: Հոբելյանական նիստում ունեցած իր ելույթում Վահրամ Շահինյանն ամփոփել է անցած տասը տարիների ընթացքում կառույցի կայացման և զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքները, առավել նշանակալի ձեռքբերումներն ու դեռևս առկա խնդիրները, անդրադարձել նախաքննության որակի և արդյունավետության բարձրացման ուղղությամբ կատարված աշխատանքներին, հանցավորության դեմ պայքարում իրավապահ այլ մարմինների ու դատավարական գործառույթներ ունեցող մյուս կառույցների հետ համագործակցությանը, ինչպես նաև իրականացված կադրային ու կառուցվածքային փոփոխություններին:

Հանրապետության Նախագահը Հատուկ քննչական ծառայության աշխատակիցներին շնորհավորել է ծառայության կազմավորման հոբելյանի առթիվ, մաղթել արդյունավետ աշխատանք և բարի ծառայություն: Իր ելույթում Նախագահը, Ծառայության անցած ուղուն անդրադառնալուց բացի, խոսել է նաև սահմանադրական փոփոխություններից հետո պետական կառավարման նոր համակարգին անցնելու ճանապարհին ծառայության առջև դրվող նոր խնդիրների և մի շարք ուղղություններով անելիքների մասին՝ ընդգծելով, որ սահմանադրական բարեփոխումների հիմնական նպատակներից մեկը իրավունքի գերակայության երաշխավորման անհրաժեշտությունն էր, և սահմանադրական այս պահանջը կյանքի կոչելու գործում ծառայությունը հատուկ առաքելություն ունի:


Հոբելյանի կապակցությամբ հրավիրված նիստում Նախագահ Սերժ Սարգսյանն իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար պետական պարգևով խրախուսել է ծառայության աշխատակիցներից մեկին, նշելով, որ կառույցում կան բազմաթիվ այլ արժանիներ, ովքեր նվիրումով ու մեծ պատասխանատվությամբ են կատարում իրենց աշխատանքը, և նրանց վաստակը ևս ժամանակի ընթացքում ըստ արժանվույն կգնահատվի:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia