Search

Արա Բաբլոյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին


ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 6-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթին:

Ողջունելով հյուրին՝ ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա հարաբերությունների բարձր մակարդակը և մաղթել դեսպանին արգասաբեր աշխատանք:

Արա Բաբլոյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի դերը ԼՂ հակամարտության խաղաղ ճանապարհով լուծման գործում՝ նշելով. «Շնորհակալ ենք Ֆրանսիային այս հակամարտությանը խաղաղ լուծում տալուն ուղղված ջանքերի համար: Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն այլընտրանք չունի»:

ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է ֆրանսիական մշակույթի, գրականության և լեզվի ազդեցության նշանակությունը Հայաստանի համար՝ այս համատեքստում կարևորելով 2018 թվականին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի անցկացումը մեր երկրում: Արա Բաբլոյանը նշել է, որ Հայաստանը ձգտում է զարգացնել և խորացնել Ֆրանսիայի հետ համագործակցությունը բոլոր բնագավառներում՝ կրթական, մշակութային, առողջապահական և այլ:

ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ Ֆրանսիայի հետ կապված իրադարձությունները ՀՀ Ազգային ժողովի և հատկապես ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ուշադրության կենտրոնում են:

Արա Բաբլոյանն իր աջակցությունն է հայտնել նորանշանակ դեսպանին՝ Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների խորացմանն ուղղված ծրագրերին օժանդակելու գործում:

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ իր համար մեծ պատիվ է Հայաստանում ներկայացնել Ֆրանսիան:

Դեսպանն անդրադարձել է Ֆրանսիա-Հայաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարելիցին և կարեւորել հաջորդ տարի սպասվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի անցկացումը Հայաստանում:

Դեսպանը գագաթնաժողովի անցկացումը Հայաստանում դիտարկել է որպես բոլոր տեսանկյուններից կարևոր իրադարձություն երկու երկրների համար, որը թույլ կտա կազմակերպության անդամ երկրներին համախմբվել մարդասիրական ընդհանուր գաղափարների շուրջ: Ջոնաթան Լաքոթն անդրադարձել է նաև Հայաստանում ֆրանսիական մշակութային և կրթական նոր կենտրոնների ստեղծմանը և զարգացմանը՝ հաշվի առնելով ֆրանսիական կրթօջախների նկատմամբ եղած հետաքրքրությունը:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia