Հայաստանի և Իրաքի միջև համագործակցությունը հեռանկարային է

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, հանձնաժողովի անդամներ Շիրակ Թորոսյանը, Արայիկ Աղաբաբյանը և Արտակ Զեյնալյանը նոյեմբերի 3-ին ընդունել են Իրաքի Հանրապետության խորհրդարանի Ներկայացուցիչների խորհրդի ներկայացուցչական պատվիրակությանը՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աբդելբարի ալ-Զիբարիի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում` Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել Իրաքի Հանրապետության խորհրդարանի գործընկեր պատվիրակությանը` հանձնաժողովի` Հայաստան այցելելու հրավերն ընդունելու համար:
Արմեն Աշոտյանը կարևորել է Հայաստանի և Իրաքի միջև բարեկամական կապերի զարգացումը և նշել, որ բացի մշակութային կապերից, երկու ժողովուրդներին միավորում են նաև տնտեսական, քաղաքական և հումանիտար համագործակցությանը վերաբերող բազմաթիվ հեռանկարները:
Արմեն Աշոտյանը նշել է նաև, որ Հայաստանի Հանրապետությունն արտաքին քաղաքականության գերակայությունների շրջանակում մեծապես կարևորում է հարաբերությունների զարգացումը Մերձավոր Արևելքի երկրների, այդ թվում նաև Իրաքի Հանրապետության հետ: Այս համատեքստում նա անդրադարձել է Հայաստանի և Իրաքի ժողովուրդների միջև առկա պատմական ամուր բարեկամությանը, որը մեկ անգամ ևս ընդգծում է այն իրողությունը, որ տարածաշրջանում չկան կրոնական խնդիրներ:
Հանձնաժողովի նախագահը կարևորել է երկու խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների սերտ համագործակցությունը և նշել, որ հանձնաժողովները կարող են գործուն ներդրում ունենալ միջխորհրդարանական կապերի զարգացման գործում: Այս համատեսքստում բարձր է գնահատվել նաև միջխորհրդարանական բարեկամության խմբերի դերն ու ակտիվ գործունեությունը:
Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ Արմեն Աշոտյանը կարևորել է ԴԱԻՇ-ի դեմ պայքարում Իրաքի ժողովրդի տարած հաղթանակը և նշել, որ ծայրահեղականության դեմ պայքարը հանդիսանում է երկու պետությունների արտաքին քաղաքականության կարևորագույն գերակայություններից մեկը:
Իրաքի Հանրապետության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աբդելբարի ալ-Զիբարին շնորհակալություն է հայտնել հայկական կողմին հրավերի համար և նշել, որ հայ-իրաքյան հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ: Նա կարևորել է տնտեսական, քաղաքական և հումանիտար ոլորներտում համագործակցության հնարավորությունները:
Կողմերն անդրադարձել են նաև զբոսաշրջության ոլորտում զարգացման հեռանկարներին, երկու պետությունների միջև կանոնավոր չվերթեր ունենալու անհրաժեշտությանը:
Հանդիպման ավարտին Իրաքի Հանրապետության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը ցանկություն է հայտնել Իրաքում հյուրընկալելու ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությանը, ինչն Արմեն Աշոտյանը սիրով ընդունել է: