Search

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանի հանդիպումը Հալեպի առևտրի պալատի նախագահի հետ


Նոյեմբերի 1-ին Հալեպում ՀՀ Գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը հանդիպեց Հալեպի առևտրի պալատի նախագահ Մաջդ ադ-Դին Դաբբաղի հետ: Հանդիպմանը ներկա էր պալատի գործադիր խորհրդի ողջ կազմը:

Քննարկվեցին Հալեպի հետ առևտրատնտեսական համագործակցության նախկին ծավալների վերականգնմանը, գործարար շրջանակների միջև կապերի աշխուժացմանն ու խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Հանդիպման սկզբում Արմեն Սարգսյանը հյուրերին ներկայացրեց Հայաստանի առևտրատնտեսական ներուժն ու ներդրումային հնարավորությունները, միաժամանակ նշելով, որ Հայաստանը, հանդիսանալով ԵԱՏՄ անդամ, լայն հնարավորություններ կարող է տրամադրել հալեպցի գործարարներին` համատեղ արտադրություններ հիմնելու և արտադրվող ապրանքատեսակները ԵԱՏՄ լայնայածավալ շուկա արտահանելու գործում:

Անդրադարձ կատարվեց նաև երկկողմ առևտրատնտեսական բնույթի ցուցահանդեսների կազմակերպման հեռանկարներին: Առաջարկ ներկայացվեց անվճար հիմունքներով հայկական կողմին տրամադրել համապատասխան տարածք` հայկական արտադրատեսակների մշտական ցուցահանդես-վաճառք կազմակերպելու համար:

Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվեց Հայաստանի և Հալեպի գործարար շրջանակների միջև կապերի խորացման, պատվիրակությունների փոխայցելությունների հետագա ակտիվացման կարևորությունը: Այս համատեքստում նշվեց, որ Հալեպի առևտրի պալատը պատրաստ է պատվիրակություն գործուղել Երևան` համագործակցության հնարավորություններին տեղում ծանոթանալու նպատակով:

Քննարկվեցին նաև Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի և Հալեպի առևտրի պալատի միջև փոխըմբռնման հուշագիր ստորագրելու հնարավորությունը` այդ ուղղությամբ համակարգված աշխատանքներ սկսելու և առաջընթաց ապահովելու նպատակով:

Հանդիպման ավարտին Արմեն Սարգսյանը խոսեց նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի` հոկտեմբերի 28-29-ը Սիրիա կատարած այցելության արդյունքների մասին:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia