Search

Մեկնարկել է «Երևանի կանաչ լուսավորության շաբաթ» միջոցառումների շարքը



Երևանի քաղաքապետարանը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, Գլոբալ էկոլոգիական ֆոնդի ինչպես նաև ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ հոկտեմբերի 23-27-ը կանցկացնի «Երևանի կանաչ լուսավորության շաբաթ» միջոցառումների շարքը: Ծրագրի նպատակն է` բարձրացնել հանրության իրազեկվածությունն էներգախնայող և բնությանը քիչ վնաս հասցնող լուսավորության լուծումների վերաբերյալ:

Տեղեկատվական արշավի մեկնարկին մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը, ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիասինը և Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ի տնօրեն Վարդան Գաբրիելյանը։

«Երևանի կանաչ լուսավորության շաբաթ»-ի ընթացքում մայրաքաղաքում կազմակերպվելու են մի շարք միջոցառումներ, որոնց կմասնակցեն նաև քաղաքացիները: Մասնավորապես՝ Երևանի տարածքում տեղակայված հատուկ տաղավարներում քաղաքացիները կարող են փոխանակել իրենց տան ավանդական շիկացման մեկ լամպ LED լամպով: Մասնակիցներին խրախուսելու համար կազմակերպիչները, անվճար LED լամպից բացի, պատրաստել են փոքրիկ անակնկալ-նվերներ: Տաղավարների, ինչպես նաև լուսավորության շաբաթի ընթացքում նախատեսված այլ միջոցառումներով ևս հնարավորին մանրամասն տեղեկացվել է լուսադիոդային լուսավորության մասին: Հատկանշվել է, որ այն մեծ նշանակություն ունի Երևանի որոշ կարևորագույն հանրային տարածքներում:

«Երևանի քաղաքապետարանի՝ շուրջ 4 տարի առաջ ՄԱԶԾ-ի հետ նախաձեռնած աշխատանքների արդյունքներն արդեն այսօր բավական մասշտաբային են. 1300 էներգախնայող LED լուսատուներով են լուսավորված «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը, Մաշտոցի և Արշակունյաց պողոտաները, Ծիծեռակաբերդի և Աթենքի փողոցները։ Ծրագրի շնորհիվ ունենք ավելի քան 60 տոկոս էներգախնայողություն, ինչը մեզ հնարավորություն է տալիս շարունակելու և տարեցտարի ընդլայնելու ծրագիրը»,- նշել է «Երքաղլույս» ՓԲԸ-ի տնօրեն Վարդան Գաբրիելյանը՝ հավելելով, որ իրականացված փոփոխության շնորհիվ տարեկան ավելի քան 500 տոննայով նվազել է ջերմոցային գազերի արտանետումը:

Բնապահպանությունը լուսադիոդային լուսավորության միակ առավելությունը չէ. LED-ը ծախսում է 8 անգամ քիչ էլեկտրաէներգիա: Լուսադիոդային լուսավորության առավելությունները հնարավոր է օգտագործել նաև առօրյայում՝ փոխարինելով տան սովորական շիկացման լամպերը LED տարբերակով, որոնք մինչև 50 անգամ ավելի երկար են գործածվում և 8 անգամ ավելի քիչ էներգիա են օգտագործում:

«Երևանի կանաչ լուսավորության շաբաթ»-ի շրջանակում բացված տաղավարներն աշխատելու են երկուշաբթի օրվանից մինչև ուրբաթ՝ ժամը 12:00–20:00-ը: Հոկտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին դրանք տեղակայված կլինեն Հյուսիսային պողոտայում, «Երիտասարդական» մետրոյի հարևանությամբ, հոկտեմբերի 26-ին և 27-ին` Գարեգին Նժդեհի հրապարակում և Նոր Նորքի 2-րդ զանգվածում:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia