top of page

Հայաստանում առաջին անգամ նշվեց Դպրոցական գրադարանների միջազգային օրը

Oct 23, 2017
1 min read

Հայաստանում առաջին անգամ հոկտեմբերի 23-ին նշվեց Դպրոցական գրադարանների միջազգային օրը (International School Library Day): Տոնը մեր երկրում նշվում է «Էդիթ Պրինտ» հրատարակչության նախաձեռնությամբ: Հրատարակչությունը Երևանի Եղիշե Չարենցի անվան թիվ 67 հիմնական դպրոցի գրադարանին նվիրեց 160 անուն գիրք՝ այդպիսով հարստացնելով գրադարանի ֆոնդը և ևս մեկ անգամ վերաարժևորելով դպրոցական գրադարանների կարևորությունը: Հայ և համաշխարհային դասականների ստեղծագործություններ, մասնագիտական ու գեղարվեստական գրքեր. նվիրաբերած գրականության ցանկն ընդարձակ է: Դպրոցական գրադարանների միջազգային օրվա կապակցությամբ կրթական հաստատությունում կազմակերպվեց տոնական հանդիսություն. ներկաներին դիմավորեց «Չարենցի գիրքը»:

Եղիշե Չարենցի անվան թիվ 67 հիմնական դպրոցի տնօրեն Անահիտ Խեչումյանը, ընդգծելով միջոցառման կարևորությունը, նշեց. «Շնորհակալություն ենք հայտնում հրատարակչությանը, որ իրականացնում է նմանատիպ մեծամասշտաբ միջոցառում: Դպրոցի գրադարան մուտք գործող երեխաների թիվը հենց այսօրվանից կկրկնապատկվի, կեռապատկվի: Իսկ մեզ ի՞նչ է պետք: Պետք է, որ երեխան սիրի գիրքը, ընթերցանությունը: Այս գրքերն իրենց ուրույն տեղը կունենան մեր գրադարանում»:

Հրատարակչությունը նախատեսում է միջոցառումը դարձնել ամենամյա և ամեն տարի որևէ դպրոցական գրադարանի գրքեր նվիրել: Նախատեսվում է նաև առաջիկայում գրքեր նվիրել մարզային դպրոցների գրադարաններին:

1999 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությամբ աշխարհի տարբեր երկրներում հոկտեմբերի 4-րդ երկուշաբթին նշվում է որպես Դպրոցական գրադարանների միջազգային օր (International School Library Day): Տոնը մեծ ժողովրդականություն է վայելում տարբեր երկրներում, անգամ վերածվել է Դպրոցական գրադարանների միամսյակի:


 
 
 

Comments


bottom of page