Search

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է մեքսիկացի պատգամավորների պատվիրակությանը



ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 23-ին ընդունել է Մեքսիկայից ժամանած պատգամավորներ Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսին, Մարիա Կրիստինա Տերեսա Գարսիա Բռավոյին, Կառլոս Էռնանդես Միրոնին և նրանց ուղեկցող անձանց:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ Հայաստան-Մեքսիկա պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Կարեն Ավագյանը և խմբի անդամ Գագիկ Մելիքյանը:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ողջունելով հյուրերին, նշել է, որ մեքսիկացի պատգամավորների այցն առանձնանում է այն հանգամանքով, որ այս տարի լրանում է Մեքսիկայի հետ Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարին: Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը վստահություն է հայտնել, որ երկու երկրների խորհրդարաններում ձևավորված պատգամավորական բարեկամական խմբերի աշխատանքը նոր էջ կբացի և նոր՝ առավել բարձր մակարդակի կբարձրացնի առկա հարաբերությունները թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական և այլ ոլորտներում:

Էդուարդ Շարմազանովը մեքսիկացի գործընկերներին ցավակցություն է հայտնել Մեքսիկային վերջերս պատուհասած աղետի՝ երկրաշարժի կապակցությամբ՝ նշելով, որ հայ ժողովուրդը լավ է հասկանում մեքսիկացի ժողովրդի ցավը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթություններին: Խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացից՝ Էդուարդ Շարմազանովը նշել է. «Մեր պայքարը հանուն արդարության է և հանուն ցեղասպանությունների կանխարգելման: Մենք որևէ ժողովրդի, այդ թվում՝ թուրք ժողովրդին, թշնամի չենք համարում, բայց կարծում ենք, որ առաջինը հենց թուրք ժողովրդի համար է անհրաժեշտ ճանաչել Հայոց ցեղասպանությունը և հաշտվել ու առերեսվել սեփական պատմության հետ, քանի որ ժխտողականությունը և կեղծիքը կարող են ծնել նոր ցեղասպանություններ ու արհավիրքներ»:

Էդուարդ Շարմազանովը տեղեկացրել է, որ հաջորդ տարի լրանում է 1948 թվականի դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի կողմից ընդունված «Ցեղասպանություն հանցագործության կանխման և պատժման կոնվենցիայի» 70-րդ տարին, ուստի Հայաստանը այս համատեքստում հանդես է գալու նոր նախաձեռնություններով:

Խոսելով ԼՂ հիմնախնդրից՝ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է 2011 թվականին Մեքսիկայի նախորդ գումարման խորհրդարանի կողմից ընդունված երկու բանաձևերին՝ նշելով, որ դրանք ոչ միայն հակահայկական բնույթ ունեին, այլև ուղղակիորեն հակասում են միջազգային հանրության գնահատականներին: «ՄԱԿ-ն այս խնդրի լուծման մանդատը տվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը: Միջազգային կառույցներում պետք է անենք քայլեր, որոնք չպետք է հակասեն միջազգային հանրության գնահատականներին: Սա մարդու իրավունքների պաշտպանության հարց է, ոչ թե տարածքային վեճ. Արցախի ժողովուրդն ունի անկախ ապրելու այնքան իրավունք, որքան նախկին ԽՍՀՄ որևէ սուբյեկտի քաղաքացի»,- ընդգծել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքն իրենց խոսքում պաշտպանել են Մեքսիկա-Հայաստան պատգամավորական խմբի ղեկավար Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսն ու պատվիրակության անդամ Կառլոս Էռնանդես Միրոնը:

Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսը վստահություն է հայտնել, որ իրենց այցը նոր խթան կհանդիսանա և կզարգացնի երկու երկրների միջև առկա հարաբերությունները, ինչի համար իրենք, օգտագործելով խորհրդարանական հարթակը, պատրաստ են անելու առավելագույնը: Հյուրերը հետաքրքրվել են Հայաստանի՝ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու հարցով, Հայաստանը դիտարկել որպես դարպաս՝ թե՛ ԵԱՏՄ, թե՛ հարևան այլ երկրների շուկաներ մուտք գործելու տեսանկյունից:


Հրադադարի ռեժիմի էական խախտումներ չեն արձանագրվել

Սմարթֆոնների համար գիշերային ռեժիմն անօգուտ են անվանել

Արտոնությունից կօգտվեն նաև նախնական մասնագիտական կրթական ծրագրով ընդունված անձինք․ ԿԳՄՍ

Ճարտարագիտական ամառային դպրոցը նոր գիտելիքներ տվեց ուսանողներին

Առուշ Առուշանյանի գործով կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի հինգշաբթի

Տեսարանը շատ տհաճ է. Արսեն Բաբայան

Հայաստանում Իրանի դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ. ՊՆ

ԼՐԱՀՈՍ
practice cover.png