top of page

«Գթության խոհանոց»-ի 24-րդ տարեշրջանի բացումը կլինի հոկտեմբերի 24-ին

Oct 23, 2017
1 min read


Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը հանդիպել է գերմանական Կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության ներկայացուցիչ Կառլ-Հայնց Շայդեի հետ: Հանդիպման շրջանակում քննարկվել են կազմակերպության կողմից մայրաքաղաքում իրականացվող բարեգործական ծրագրերը: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում գերմանական Կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության մասնաճյուղի գրասենյակի ղեկավար Մովսես Պողոսյանը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով հյուրերին՝ Դավիթ Օհանյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպությանը ավելի քան 23 տարի Երևանում և ամբողջ Հայաստանում իրականացվող բարեգործական ծրագրերի համար: Նա մասնավորապես ասել է.

«Մենք շատ ենք կարևորում գերմանական Կարմիր խաչի հետ համագործակցությունը և, Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, այսուհետ ևս պատրաստ ենք շարունակել և ընդլայնել այդ համագործակցությունը», - ընդգծել է փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը:

Կարևորելով Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությունը, Կառլ-Հայնց Շայդեն իր հերթին նշել է, որ քաղաքապետարանի աջակցության շնորհիվ ավելացել են մայրաքաղաքում իրականացվող բարեգործական ծրագրերը: Գերմանական Կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության ներկայացուցիչը, խոսելով մայրաքաղաքում «Գթության խոհանոց» ծրագրի շրջանակում ևս մեկ սննդի բաշխման արտագնա կետի բացման մասին, հայտնել է, որ դրանով իրենց շահառուների թիվն ավելանալու է ևս 65-ով՝ հասնելով շուրջ 500-ի:

«Քաղաքապետարանն իսկապես վստահելի գործընկեր է մեզ համար, ինչի վառ ապացույցը նաև այն աջակցությունն է, որ Երևանի քաղաքապետարանը ցուցաբերել և ցուցաբերում է իրականացվող սոցիալական ծրագրերին»,- ընդգծել է Կառլ-Հայնց Շայդեն:

Հիշեցնենք, որ վերջին 4 տարիներին գերմանական Կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության մայրաքաղաքում իրականացվող բարեգործական ծրագիրը համաֆինանսավորվում է Երևանի քաղաքապետարանի կողմից:

Հանդիպման շրջանակում նշվել է, որ հոկտեմբերի 24-ին, ժամը 12.00-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դրոյի 22/5 հասցեում՝ «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում տեղի կունենա «Գթության խոհանոց»-ի հերթական՝ 24-րդ տարեշրջանի բացումը:


 
 
 

Comments


bottom of page