top of page

Բարեխիղճ մանկավարժն արժանացել է Կոտայքի մարզպետի պատվոգրի

Oct 17, 2017
1 min read

Եղվարդի թիվ 2 հիմնական դպրոցում տեղի ունեցավ ուսուցիչների մեծարման երեկո: Դպրոցի տաղանդավոր սաներն իրենց հրաշալի կատարումներով փորձում էին ուրախացնել, զարմացնել և ցերեկույթին մասնակից դարձնել ուսուցիչներին:

Միջոցառման գեղարվեստական ղեկավարն անականկալ մոտենում է խոսափողին և շնորհակալություն է հայտնում բոլոր ուսուցիչներին իրենց նվիրման և փորձառու աշխատանքի համար, բայց առանձնացնում է հատկապես մեկին՝ երկարամյա ուսուցիչ, տնօրեն, փոխտնօրեն Ռոբերտ Մխիթարյանին, ով մանկավարժական բազմամյա փորձի 23 տարին անցկացրել է Եղվարդի թիվ 2-րդ դպրոցում: Դպրոցի տնօրեն Վարվառա Աբգարյանն էլ իր խոսքում նշել է, որ «հրաշալի մանկավարժ լինելուց զատ՝ Ռ. Մխիթարյանը շատ լավ գործի կազմակերպիչ է, ինչը հնարավորություն է տվել շատերին օգնել, փոխանցել գիտելիք և հմտություն՝ նպաստելով մանկավարժական կոլեկտիվի կառավարմանն ու դպրոցի զարգացմանը:

Դպրոցի տնօրենը Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի կողմից Ռոբերտ Մխիթարյանին հանձնեց պատվոգիր՝ կրթության ոլորտում երկարատև ու բարեխիղճ աշխատանքի, մատաղ սերնդի դաստիարակության գործում ունեցած վաստակի՝ ինչպես նաև ծննդյան 70-ամյա հոբելյանի կապակցությամբ:

Աշակերտները անակնկալ ֆլեշմոբ իրականացրեցին՝ անփոխարինելի և սիրել ուսուցիչներ ուղերձով: Ցերեկույթն ավարտվեց արցունքոտ աչքերով և գրկախառնությամբ: Ուսուցիչները հուզված էին, որովհետև հրաժեշտ էին տալիս կենսաթոշակային տարիքի իրենց գործընկերներին և երկարամյա ուսումնական գծով փոխտնօրենին, ով մինչ այսօր իրականացրել էր փորձառու խորհրդատուի դեր:


 
 
 

Comments


bottom of page