Search

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել Սանկտ Պետերբուրգում


ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 15-ին Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Մայա Գոյկովիչին:

Արա Բաբլոյանը, ողջունելով Մայա Գոյկովիչին, կարևորել է Միջխորհրդարանական միության շրջանակում հանդիպելու հնարավորությունը: ՀՀ ԱԺ նախագահն անհրաժեշտ է համարել երկկողմ հարաբերությունների շարունակական կատարելագործումը՝ հիմք ընդունելով հայ-սերբական բարեկամական հարաբերությունների բազմամյա պատմությունը: Խորհրդարանի ղեկավարը կարևորել է երկու երկրների օրենսդիր մարմինների միջև ակտիվ երկխոսության ձևավորումը, բարեկամական խմբերի փոխայցերը, որոնք կարող են նպաստել Հայաստանի և Սերբիայի միջև ոչ միայն երկկողմ, այլ նաև միջազգային կառույցներում համագործակցության զարգացմանն ու մի շարք հարցերի շուրջ համաձայնեցված աշխատանքին:

Անդրադառնալով տարածաշրջանային հիմնախնդիրներին՝ Արա Բաբլոյանը վերահաստատել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծումը հայկական կողմը տեսնում է միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:

«Մեր երկիրը կարևորում է փոխվստահության մթնոլորտի ձևավորմանն ուղղված միջոցառումների իրականացումը. շփման գծից դիպուկահարների հետքաշումը, պատահարների հետաքննման մեխանիզմների ստեղծումը, զինադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված ջանքերը»,- ասել է Արա Բաբլոյանը:

Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Մայա Գոյկովիչը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, նույնպես կարևորել է երկու երկրների միջխորհրդարանական համագործակցության խորացման անհրաժեշտությունը, տարբեր հարթակներում փոխգործակցությունը:

Խոսելով ԼՂ հիմնախնդրի կարգավորման մասին՝ Մայա Գոյկովիչը փաստել է, որ Սերբիան պաշտպանում է Հայաստանի՝ ղարաբաղյան խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու դիրքորոշումը:

Կողմերը կարևորել են երկու երկրների միջև կապերի զարգացումը տարբեր ոլորտներում:

Սերբիայի խորհրդարանի նախագահ Մայա Գոյկովիչը ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին հրավիրել է Սերբիա:

Նույն օրը ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Մարզուք Ալի ալ-Ղանիմին:

ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ արաբական աշխարհի հետ բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից է: Կողմերը փաստել են, որ վերջին տարիներին երկու երկրների միջև զգալիորեն ակտիվացել է քաղաքական երկխոսությունը, որն ամուր հիմք և երաշխիք է տարբեր ոլորտներում միջպետական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման համար:

Երկու պետությունների օրենսդիր մարմինների ղեկավարները կարևորել են միջխորհրդարանական կապերի խորացման անհրաժեշտությունը, պատգամավորական բարեկամական խմբերի գործունեությունը, միջազգային հարթակներում արդյունավետ փոխգործակցությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև առեւտրատնտեսական հարաբերությունների աշխուժացման վերաբերյալ և հույս հայտնել, որ առկա չիրացված ներուժն արդյունավետ կօգտագործվի:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia