ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ԱՍՏԻՃԱՆ՝ ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱ
Նոր գիրք բարձրագույն կրթության և գիտության կառավարիչների համար, որը բարեփոխումների նոր շղթա է նախատեսում կրթության համակարգում:
«Բարձրագույն կրթության երրորդ աստիճանն առաջին երկուսի օրգանական շարունակությունն է և դա պետք է ամրագրվի օրենքով»,- «Դոկտորանտուրա. բարձրագույն կրթության երրորդ աստիճանի կազմակերպման հիմունքներ» գրքի շնորհանդեսին ընդգծեց համահեղինակ, ֆ.մ.գ.թ. Ատոմ Մխիթարյանը: Ուսումնամեթոդական ձեռնարկը երաշխավորվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով և հրատարակման ներկայացվել ՀՊՄՀ գիտական խորհրդի որոշմամբ:
«Բոլոնիայի գործընթացի շրջանակներում դեռևս 2000-ականների սկզբին մեզնում սկսված բարձրագույն կրթության բարեփոխումների շրջանակներում մենք դեռևս չենք համարձակվել դիպչել ասպիրանտուրային»,- ասաց համահեղինակ, Կրթության և գիտության նախկին նախարար, բ.գ.դ. Սերգո Երիցյանը:
Ըստ էության սա առաջին փորձն է, հիմնվելով հետբուհական կրթության զալցբուրգյան տասն սկզբունքների վրա, նոր մոտեցումներ առաջադրել բարձրագույն կրթության երրորդ աստիճանում ուսանողի ընտրության, գիտական ղեկավարի նշանակման, ակադեմիական ազատությունների սահմանման, որակի ապահովման հարցերում, կարևորելով մրցակցային դոկտորական կրթության կազմակերպումը և ասպիրանտական համակարգից դոկտորականին անցման անհրաժեշտությունը: Այս առումով հարցադրումներ են առաջանում, թե ի՞նչ ուղղություններով պետք է իրագործվեն կրթական բարեփոխումները, որպեսզի ունենանք մրցակցային ասպիրանտուրա ինչպես հայրենական, այնպես էլ միջազգային կրթական շուկայում: Աշխատության հեղինակները ներկայացնում են հետբուհական կրթության արևմտյան փորձը, զուգահեռներ անցկացնելով ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի միջև: Ընդ որում, մշտապես շեշտադրումներ են արվում ասպիանտուրայից դոկտորանտուրային անցման անհրաժեշտության ուղղությամբ, պարզաբանելով, որ ասպիրանտական և դոկտորական կրթական համակարգերի միջև առկա են էական տարբերություններ:
«Ավանդույթի ուժով, մեր երկրում ասպիրանտուրան հիմնականում ծառայել է մտավոր կապիտալի ձևավորմանը և անհատի կարիերայի աճին: Սակայն ժամանակները փոխվել են, և գիտությունը, ինչպես նաև հետբուհական կրթությունը, ձգտում են դեպի նորամուծությունների շուկա, որն էլ արմատական բարեփոխումների պահանջ է դնում հետազոտական աշխատանքների ֆինանսավորման, հետազոտող շրջանավարտի ուսումնառության վերջնարդյունքների, շուկայամետ գիտական նորույթների ձևավորման ուղղությամբ»,- իր խոսքում ասաց գրքի համահեղինակ տ.գ.դ. Արմեն Ճուղուրյանը:
Հրատարակությունն օգտակար է բարձրագույն մասնագիտական կրթության երրորդ աստիճանում սովորող ուսանողներին նաև այն առումով, որ ուսուցանում է գիտական հոդված հրատարակելու, գիտաժողովների արդյունավետ մասնակցության, հետազոտության նորույթի ձևակերպման, ատենախոսության շարադրման և մի շարք այլ հմտություններ: Գրքում կարելի է գտնել այնպիսի հարցադրումների պատասխաններ, ինչպիսիք են՝ ինչպես է ծագել ու զարգացել դոկտորանտուրան, ինչ դեր ունի այն Բոլոնիայի գործընթացում, որոնք են զալցբուրգյան սկզբունքները և ինչպես կիրառել դրանք, ինչպես համադրել կրթական ու հետազոտական բաղադրիչները դոկտորանտուրայում, ինչպես արդյունավետորեն համադրել կրթությունը, գիտությունը, արտադրությունն ու նորարարությունը, ինչ դեր է վերապահված գիտական ղեկավարին, բուհին ու գիտական կազմակերպությանը բարձրագույն կրթության երրորդ աստիճանում և այլն: Գրքի առանձին գլխում ներկայացված է դոկտորանտուրայի կազմակերպման համար հիմք հանդիսացող գործող իրավական դաշտը, հիմնավորված է օրենսդրական բարեփոխումների անհրաժեշտությունը և առաջարկված է ճանապարհային քարտեզ:
Հեղինակներ Ս. Երիցյանը, Ա. Ճուղուրյանը և Ա. Մխիթարյանը ասպիրանտուրայում առաջնահերթություն են համարում համակարգի ինստիտուցիոնալ վերակառուցումները, առանց որոնց մասնագիտական կրթության երրորդ աստիճանում բարեփոխումները մակերեսային բնույթ կկրեն: Ըստ նրանց՝ չափազանց շտապողականությունը ասպիրանտուրայի և գիտական աստիճանաշնորհման համակարգի բարեփոխումների գործընթացում հարիր չէ: Սակայն, մյուս կողմից, տեղում դոփելն էր անթույլատրելի է, քանի որ ներկայումս բարձրագույն կրթության կազմակերպման արդյունավետության բարձրացումն ու միջազգային չափանիշներին համապատասխանեցումը օրախնդիր է:
Ուստի ընդգծվում է, որ հիմք ընդունելով առաջավոր միջազգային փորձը, դանդաղ քայլերով, բայց արմատական վերակառուցումների հաստատակամությամբ պետք է սահուն անցում կատարել ասպիրանտուրայից` դոկտորանտուրայի: Հակառակ դեպքում Հայաստանը պարզապես անվերադարձ կկրոցնի իր մրցակցային դիրքերը Բարձրագույն կրթության եվրոպական տարածքում: