Search

ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Վրաստանի վարչապետին


Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 26-ին հանդիպել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին: Հանդիպման ընթացքում կողմերը մասնավորապես խոսել են երկու երկրների տնտեսական փոխհարաբերությունների զարգացման մասին: ՀՀ ԱԺ նախագահն իր խոսքում ասել է. «Հայաստանն ու Վրաստանը միջազգային ինտեգրման տարբեր ուղիներ են ընտրել, սակայն դա չի կարող խոչընդոտ հանդիսանալ մեր երկրների փոխգործակցության զարգացման համար. այն կարող է լրացնել ու դրական ազդեցություն ունենալ ոչ միայն տնտեսական հարաբերությունների հետագա խորացման, այլ նաև տարածաշրջանային համագործակցության առավել ընդլայնման համար»:

Արա Բաբլոյանը նաև նշել է, որ վերջին տարիներին Հայաստանի ու Վրաստանի միջև ձևավորվել են տնտեսական գործընկերության հստակ ուղղություններ, որոնք մասնավորապես ներառում են տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության, գյուղատնտեսական ապրանքների վերամշակման ոլորտները: ՀՀ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է ապակենտրոնացված համագործակցության խորացման կարևորությունը: Որպես երկրների տարածաշրջանների փոխգործակցության լավ օրինակ՝ Արա Բաբլոյանը նշել է Աջարիայի և Լոռու մարզի միջև կապերը: ՀՀ խորհրդարանի ղեկավարն արձանագրել է, որ առևտրատնտեսական ներուժն ամբողջությամբ չի օգտագործվում: Արա Բաբլոյանը հավաստիացրել է, որ խորհրդարանականները պատրաստ են հանդես գալ օրենսդրական անհրաժեշտ նախաձեռնություններով՝ կոնկրետ բնագավառների խնդիրները լուծելու համար: Խորհրդարանի ղեկավարի կողմից կարևորվել է Վերին Լարս սահմանային անցակետի անխափան գործունեությունը, որը հատկապես այս ժամանակահատվածում Հայաստանից գյուղատնտեսական ապրանքների արտահանման հիմնական և առավել նախընտրելի ճանապարհն է:

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին գոհունակությամբ է խոսել վրաց-հայկական կայուն զարգացող հարաբերությունների մասին՝ միաժամանակ նշելով, որ առկա 400 միլիոն դոլար կազմող առևտրաշրջանառության ծավալներն անհրաժեշտ է մեծացնել: Վրաստանի վարչապետն իր խոսքում ընդգծել է բարձր մակարդակի փոխայցելությունների կարևորությունը: Գիորգի Կվիրիկաշվիլին երկկողմ համագործակցության զարգացման համար առավել կարևոր ոլորտներից հատկապես առանձնացրել է զբոսաշրջությունը: Ըստ նրա՝ հաշվի առնելով երկու երկրների հարուստ պատմամշակութային ժառանգությունը՝ անհրաժեշտ է պատրաստել համատեղ տուրիստական փաթեթներ: Վարչապետը միաժամանակ հավաստիացրել է, որ Վրաստանը բաց է բարեկամ Հայաստանի հետ քննարկելու համագործակցության զարգացման հնարավորությունները ցանկացած ոլորտում:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia