ՀՀ Ազգային ժողովում բացվել է գեղանկարիչ Ռուդիկ Պետրոսյանի աշխատանքների ցուցահանդեսը
ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում սեպտեմբերի 22-ին բացվել է արցախցի անվանի գեղանկարիչ, նյուրյորքաբնակ Ռուդիկ Պետրոսյանի աշխատանքների ցուցահանդեսը: Այն նվիրված է Հայաստանի անկախության 26-րդ տարեդարձին:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ, արվեստագետներ, լրագրողներ:
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը բացման խոսքում նշել է. «Ռուդիկ Պետրոսյանի ստեղծագործությունը ոչ միայն հնարավորություն է առնչվելու բարձր արվեստին, այլև պատկերների լեզվով անմիջական շփում է գեղեցիկի, բարձր ճաշակի և գունային շքեղ երևակայության հետ: Նրա աշխատանքների անկեղծությունը և խորությունը մշտապես գրավել են արվեստասերների ուշադրությունը: Ռուդիկ Պետրոսյանը ներկայումս ապրում է Նյու Յորքում, սակայն հայրենիքն իր ներքին ու արտաքին ջերմությամբ մշտական ներկայություն ունի նրա աշխատանքներում»:
Հայ մշակույթի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի և հայ արվեստը միջազգային հարթակներում արժանավայել ներկայացնելու համար ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Ռուդիկ Պետրոսյանին պարգևատրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով:
Գեղանկարիչ Ռուդիկ Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել ցուցահանդեսի կազմակերպիչներին, ներկաներին, ՀՀ ԱԺ նախագահին՝ բարձր պարգևի արժանանացնելու, ինչպես նաև իր աշխատանքները խորհրդարանում ցուցադրելու հնարավորություն ընձեռելու համար:
«Իմ հաջողությունները մեր ժողովրդի ակունքներից և արմատներից եկած պարտականություններն են: Իմ գույների, իմ վրձնահարվածների մեջ պարտավորություն կա. մեր զոհերի արյան ամեն մի կաթիլը պարտավորեցնում է լինել բարձրակարգ, պրոֆեսիոնալ արվեստագետ»,- իր խոսքում նշել է Ռուդիկ Պետրոսյանը:




Comments