Search

Արմեն Աշոտյանը հակադարձել է հակահայկական քարոզչությանը



Սեպտեմբերի 22-ին Բաքվում ընթացող Եվրանեսթ ԽՎ-ի կողմից կազմակերպված համաժողովում ելույթով հանդես է եկել Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

Նա շնորհակալություն է հայտնել Եվրանեսթ ԽՎ-ի քարտուղարությանը և Ադրբեջանի պատվիրակությանը՝ համաժողովի կազմակերպման և հրավերի համար, անդրադարձել հայկական պատվիրակության՝ Բաքու ժամանելու որոշմանը՝ նշելով, որ դա մեծապես պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ Հայաստանը, նախևառաջ, իրեն համարում է եվրոպական արժեհամակարգի կրող և ընտանիքի մաս և հետևաբար չէր կարող զերծ մնալ նման կարևոր համաժողովին մասնակցությունից և քննարկումներից: Այս համատեքստում Արմեն Աշոտյանն ընդգծել է Եվրանեսթ ԽՎ-ին Հայաստանի մասնակցությունը, կարևորել նոյեմբերին Բրյուսելում ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը:

Արմեն Աշոտյանը նաև անդրադարձել է համաժողովի ընթացքում ադրբեջանցի մի շարք բանախոսների՝ կանանց առողջապահության և սոցիալական խնդիրների համաժողովի հարթակը հակահայկական պրոպագանդայի վերածելու փորձերին և նշել, որ հայկական պատվիրակությունը Բաքվում է համաժողովի բուն թեմաների, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության քննարկման համար:

Այս համատեքստում Արմեն Աշոտյանը նաև ընդգծել է այն հանգամանքը, որ հակամարտություններում տուժում են հակամարտող բոլոր կողմերը, ուստի անհրաժեշտ է լսել բոլոր կողմերին և առկա հարցերը քննարկել մարդու իրավունքների և մարդասիրության շրջանակներում՝ անկախ քաղաքական, էթնիկական և կրոնական տարբերություններից: Այս համատեքստում Արմեն Աշոտյանը հորդորել է ադրբեջանական կողմին գալիք սերունդներին չսնել հայատյացությամբ և քսենոֆոբիայով, ինչն իր բացասական հետևանքները կունենա ողջ տարածաշրջանի համար:

Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաև ադրբեջանական կրթական համակարգում հակահայակական կարծրատիպերի ձևավորման խնդիրներին և հորդորել արմատախիլ անել հայատյացությունն ու քսենոֆոբիան:

Ելույթի ավարտին Արմեն Աշոտյանը Ադրբեջանի կրթության փոխնախարարին է փոխանցել նաև Azerbajan: childhood in hate աշխատությունը, որն ապացուցում է հայատյացության և ատելության քարոզչությունն Ադրբեջանում:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia