Արա Բաբլոյանը մասնակցել է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառմա
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 22-ին մասնակցել է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառմանը, որին ներկա էին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, գործարար ու բարերար Ռուբեն Վարդանյանը:
Խորհրդարանի նախագահը, շնորհավորելով Հայաստանի անկախության 26-րդ տարեդարձի առթիվ՝ նշել է, որ անկախությունից են սկիզբ առել հայ ժողովրդի նորագույն պատմության բազմաթիվ ձեռքբերումներ, այդ թվում նաև առողջապահության ոլորտում: Դրանցից մեկն էլ Հայ-ամերիկյան կենտրոնն է իր բարձրակարգ բուժանձնակազմով և հոյակերտ շինությամբ:
ՀՀ ԱԺ նախագահի խոսքով` Հայ-ամերիկյան առողջության կենտրոնն իր գոյությամբ առաջին հերթին պարտական է նրանց, ում ջանքերով և նյութական ու բարոյական աջակցությամբ Հայաստանի առողջապահական համակարգը երկու տասնամյակ առաջ համալրվեց նոր կառույցով:
Արա Բաբյոյանը նշել է նաև, որ ինքը ևս, ժամանակին լինելով ՀՀ առողջապահության նախարար, մասնակցել է կենտրոնի ստեղծմանը և անձամբ է ճանաչում կենտրոնի հիմնադիրներ Ռիտա Պալյանին, Հրանուշ Հակոբյանին, Խաչանուշ Հակոբյանին, ինչպես նաև բուժանձնակազմի անդամներից շատերին:
ՀՀ ԱԺ նախագահը վստահություն է հայտնել, որ նրանց մասնագիտական բարձր կարողությունները նպաստում են մեր բնակչության առողջության և կյանքի որակի բարելավմանը:
Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի 20-ամյակի առթիվ խորհրդարանի ղեկավարը պարգևատրել է կենտրոնի հիմնադիր Ռիտա Պալյանին ՀՀ Ազգային ժողովի պատվոգրով, իսկ կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանին՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով:




Comments